Չնայած հայաստանյան օրենքը արգելում է խոշտանգելը, տարբեր զեկույցների համաձայն, երկրի ուժային մարմինները մշտապես օգտագործում են այդ միջոցը: Այս մասին ասված է ապրիլի 19-ին հրապարակված ԱՄՆ Պետդեպի 2012 թվականի մարդու իրավունքների զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում:
«Վկաները հայտնում են, որ ոստիկանությունը ծեծում է մարդկանց ձերբակալությունների և հարցաքննությունների ժամանակ: Նույնը վկայում են իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները, սակայն հիմնականում մարդիկ չեն բարձրաձայնում այդ մասին՝ վախենալով հետագա վրեժից: Համաձայն տարբեր զեկույցների, դաժան վերաբերմունքի դեպքերը տեղի են ունենում ոստիկանական բաժանմունքներում, որոնք դուրս են հասարակական հսկողությունից», – նշում են զեկույցի հեղինակները:
Նրանք ընդգծում են, որ ձերբակալվածներից շատերին ծեծում են ոստիկանությունում՝ բանտ տեղափոխելուց առաջ խոստովանություն կորզելու նպատակով:
ԱՄՆ Պետդեպը նաև արձանագրում է, որ ՀՀ օմբուդսմենի գրասենյակի 2011 թվականի զեկույցում նույնպես նշվում է, թե ոստիկանության մարմիններում գրանցվում են դաժան և անմարդկային վերաբերմունքի դեպքեր՝ այդ թվում հոգեբանական ճնշում, ծեծ, էլեկտրաշոկի օգտագործում՝ ցուցմունքներ կորզելու նպատակով:
«Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2011 թվականի իր զեկույցում նշել էր, որ Երևանում ոստիկանական բաժանմունքներից կալանավորման վայրեր տեղափոխված 802 մարդկանցից 266-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ունեցել: Իշխանությունները չեն պարզել վնասվածքների պատճառները և ոչ ոք դեպքերի համար պատասխանատավություն չի կրել», – նշված է ԱՄՆ Պետդեպի զեկույցում:
Զեկույցի հեղինակները խնդիրներ են տեսնում նաև զինված ուժերում, որտեղ ընդունված չափանիշներից ցածր բնակության պայմանները, կոռուպցիան և հրամանատարների հաշվետու լինելու մեխանիզմի բացակայությունը շարունակում է զինվորների կողմից ոչ մարտական պայմաններում ստացված վնասվածքների և վատ վերաբերմունքի պատճառ հանդիսանալ:
Պետդեպն արձանագրում է, որ, չնայած դեպքերի կոնկրետ վիճակագրություն գոյություն չունի, զինվորները հայտնում են հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններին, որ դաժան վերաբերմունքի դեպքերը շարունակվում են:
Զեկույցի հեղինակները նշում են, որ համաձայն մարդու իրավունքի ոլորտում դիտարկում իրականացնողների և ՀՀ օմբուդսմենի գրասենյակի, իշխանությունները շարունակում են զորակոչել առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին, որոնք պետք է ազատվեն զինվորական ծառայությունից: