Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակի 18-րդ համարը՝ Աննա Ուզունյանը, իր իրավունքները վերականդնելու համար դիմել է քաղաքապետարան, որտեղից պատասխան չի ստացել:
Հիշեցնենք, որ Ուզունյանին ազատել են աշխատանքից Քանաքեռ-Զեյթունի կենտրոնացված գրադարանից, որտեղ նա գրադարանավարուհի էր աշխատում:
Քաղաքապետանից պատասխան չստանալով՝ կինն այժմ դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և սպասում է նրա արձագանքին՝ գործի առթիվ դատական հայց բերելու համար: Այս մասին Ուզունյանն ասել է Epress.am-ին՝ թվարկելով օրենքի այն խախտումները, որոնք թույլ է տվել տնօրենն իրեն աշխատանքից ազատելու ժամանակ:
«Տնօրենի՝ Ծովինար Մելոյանի հետ ես շատ նորմալ հարաբերություններ եմ ունեցել, ուզում եմ նշել, որ նա ստիպված էր ինձ ասել, որ ես դիմում պետք է գրեմ, դուրս գամ: Սա համակարգ է, իրեն ստիպել են թաղապետարանից, թաղապետին՝ քաղաքապետարանից»,- ասել է Ուզունյանը:
Քանաքեռ-Զեյթունի կենտրոնացված գրադարանի արդեն նախկին գրադարանավարուհին ազատման դիմումը գրել է մարտի 25-ին, սակայն հաջորդ օրը դիմել է աշխատանքի վերականգման համար, ինչը, ըստ օրենքի, կարելի է անել 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ուզունյանը ստացել է պատասխան, թե արդեն նոր աշխատակից են ընդունել, և իր հեռացման դիմումը հետ չի տրվի:
Ավելի ուշ՝ մարտի 30-ին, Ուզունյանը դիմել է գրադարանին, որպեսզի իրեն արձակուրդային վճար տրամադրեն: Նրան պատասխանել են, որ արձակուրդային իրեն չի հասնում:
«Ես դիմել էի քաղաքապետարան՝ նրանցից պատասխան ստանալու համար: Ես ուզում էի իմանալ՝ արդյո՞ք քաղաքապետարանն է իմ հրաժարականի պահանջը դրել: Մեկ ամիս է անցել իմ նամակից, ոչ մի պատասխան չկա»,- ասել է Ուզունյանը: