«Նախախորհրդարանի»՝ ապրիլի 20-ին Գյումրիում անցկացրած խորհրդակցության մասնակիցներից շատերն իրենց հիասթափությունն են արտահայտել Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարից, սակայն միևնույն ժամանակ նշել են, որ անհաջողությունը չպետք է անգործության հանգեցնի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Նախախորհրդարանի անդամ Սյուզաննա Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ քննարկան մասնակիցներն իրենց հարցեր են ուղղել, թե ինչպես է, իրենց պատկերացմամբ, կատարվելու իշխանափոխությունը, թե արդյոք լինելու է իշխանափոխությո՞ւն, թե՞ համակարգափոխություն:
«Մարդիկ համակարծիք էին, որ մեկ անձի կամ մի քանիսի փոփոխությունը իրական իշխանափոխության չի կարող հանգեցնել: Անհրաժեշտ է համակարգը փոխել: Մարդիկ ցանկանում էին իմանալ՝ ինչպես պետք է սկսել համապետական կառույցների հիմնունը՝ դրան հասնելու համար»,- ասել է Սյուզաննա Սիմոնյանը:
Նա ասել է, որ գյումրեցիները կիսել են համակարգային պայքարի մեխանիզմ ձևավորելու վերաբերյալ «Նախախորհրդարանի» դիրքորոշումը՝ նաև հիշելով այլ մեթոդներով պայքարի անհաջողության՝ ապրիլի 9-ին գրանցված փորձը:
Քննարկումից հետո ստեղծվել են Գյումրիում «Նախախորհրդարանի» գործողությունները հասցնելու, հետագայում տեղական քննարկումներ անելու համար համակարգող խմբեր:
Լուսանկարը՝ «Նախախորհրդարան»-ի