Ոստիկանությունը չեզոքություն պահպանելու փոխարեն կատարում է իշխող քաղաքական ուժի ապօրինի հրամանները: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ընտրական շտաբի ղեկավար, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված նամակում:
«Ինչպես Ձեզ հավանաբար հայտնի է, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը մասնակցում է Երևանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին: Ապրիլի 17-ին և 18-ին մեր կուսակցության ակտիվիստները, նախընտրական քարոզչություն իրականացնելիս, հանդիպել են իշխող Հանրապետական կուսակցության, նրա համակիրների կողմից կազմակերպված` ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և քարոզչություն անող քաղաքացիներին ահաբեկելու փորձերի: Մասնավորապես, Ավանում և Կենտրոնում նախընտրական քարոզչական նյութեր բաժանող մեր ակտիվիստներին մոտեցել են մարդիկ, ովքեր քարոզչության իրականացման դադարեցման ապօրինի պահանջներ են ներկայացրել, սպառնալիքներ տեղացել, որոշ դեպքերում անգամ բռնություն կիրառել», – նշված է նամակում:
Զուրաբյանն ընդգծում է, որ ապրիլի 19-ին Վլադիմիր Գասպարյանի ենթակայության տակ գտնվող ոստիկանական ստորաբաժանումները խոչընդոտել են Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների կողմից Երևանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված ոչ զանգվածային միջոցառում հանդիսացող նախընտրական ակցիայի իրականացմանը:
«Մասնավորապես, ոստիկանությունը, կոպտորեն խախտելով քաղաքացիների ընտրական իրավունքը, ազատ տեղաշարժի և ցույցեր, հավաքներ ու երթեր անցկացնելու իրավունքները, պատնեշներ է կազմակերպել երթի մասնակիցների առաջ, այնուհետև բռնություն կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, հրմշտոց սարքել՝ նպատակ ունենալով ձախողել նախընտրական ակցիան:
Ոստիկանության անգործությունը Հայ Ազգային Կոնգրեսի կողմից իրականացվող նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու ապօրինի փորձերի նկատմամբ, ինչպես նաև հենց ոստիկանության կողմից քաղաքացիների սահմանադրական ազատությունների և ընտրական իրավունքի խախտումները վկայում են, որ ոստիկանությունը օրինականությունը և իր գործունեության մեջ քաղաքական չեզոքություն պահպանելու փոխարեն, կատարում է իշխող քաղաքական ուժի ապօրինի հրամանները:
Պահանջում եմ անմիջապես դադարեցնել քաղաքացիների իրավունքների ոտնահարումը և ապօրինությունները, քաղաքական չեզոքության դիրքերից պատշաճորեն պահպանել հասարակական կարգը, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների: Առաջարկում եմ Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական շտաբին տեղյակ պահել ընտրական գործընթացի օրինականության պահպանման համար պատասխանատու ոստիկանական պաշտոնյաների անունների և կոնտակտային տվյալների մասին, ինչը թույլ կտա ապօրինությունների կանխման նպատակով արագ արձագանքման մեխանիզմներ ստեղծել», – գրել է Լևոն Զուրաբյանը: