15.01 Գյումրիում հնչած կրակոցներից հետո, մասնակիցներից մեկը՝ Շեկո (Արտյոմ Կարապետյան) մականվամբ, մահացել է: Այս մասին հայտնում է ԳԱԼԱ-ի լրագրողը՝ Գյումրու բժշկական կենտրոնից: Քիչ առաջ բժիշկները նրան ասել են, որ Շեկոն մահացել է հրազենային վնասվածքից: Նրա` կենդանի մնալու հավանականությունը բժիշկները հենց սկզբից էլ գնահատել էին 0,1 տոկոսից էլ ցածր:
Ներկայում Գյումրու բժշկական կենտրոնը հսկվում է վեցերորդ վարչության և ոստիկանության աշխատակիցների կողմից: «ԳԱԼԱ»-ի աղբյուրները փոխանցում են, որ քիչ առաջ հիվանդանոց են այցելել նաև ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մտերիմները:
14.40 Այսօր Գյումրիում հնչած կրակոցներից հետո երկու անձինք տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Նրանց վիճակը ծանր է և ըստ բժիշկների` նրանց կյանքին վտանգ է սպառնում:
ԳԱԼԱ-ի աղբյուրեների համաձայն, կրակոցները հնչել են Շիրակացի փողոցում՝ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի քավորի տանը, ով հայտնի է Քավոր Հարութ (Հարություն Խաչատրյան) մականվամբ, և կրակել են Շեկոյի վրա:
Ինչպես փոխանցեցին Գյումրու բժշկական կենտրոնից, վնասվածքը հրազենային է: Շեկոյի վիճակը ծայրահեղ ծանր է, նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Գյումրու բժշկական կենտրոնից Aravot.am-ին տեղեկացրել են, որ Շեկոյի զարկերակային ճնշումը գրեթե գոյություն չունի, իսկ Հարութին վիրահատում են, գնդակը դիպչել է ուսին: Ըստ շրջանառվող վարկածի՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի այս երկու թիմակիցների հետ հարաբերություններ պարզող խումբը գլխավորել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մահացած եղբոր՝ Արթուրի որդի Վահիկը: