«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը հայտնաբերել է 1000 մարդկանց անուններ, ովքեր վերջին երկու ամիսների ընթացքում հաշվառվել են Երևանի ընտրացուցակներում, մինչդեռ նախկինում եղել են մարզերի բնակիչներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա, վկայակոչելով ընտրական օրենսգիրքը, հավելել է, որ համայնքային ընտրություններին մասնակցելու համար ընտրողները պետք է գրանցված լինեն տվյալ համայնքում վերջին վեց ամիսները ընթացքում, իսկ հայտնաբերված մարդիկ նոր են Երևանում գրանցվել, քանի որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում նրանք քվեարկել են մարզերում:
«Սա վկայում է, որ ՀՀԿ-ն նորից զբաղված է ցուցակային աճպարարությամբ»,- հավելել է բանախոսը:
Արման Մուսինյանը կասկածելի է համարում նաև Երևանի ավագանու ՀՀԿ-ի ցուցակի թեկնածուների հայտարարագրերը, մասնավորապես, այն, որ Տարոն Մարգարյանը հայտարարագրել է 6-7 միլիոն դրամի ունեցվածք, ինչը կասկածելի է, քանի որ Տարոն Մարգարյանը բուհն ավարտելուց ի վեր աշխատել է պետական համակարգում:
Մուսինյանն ասել է, որ հայտարարագրերի մասին պարզաբանումներ ստանալու համար ՀԱԿ-ը դիմելու է իրավապահ մարմիններին, քանի որ դրանք կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: