Home / Տեսանյութեր / Ընդդիմադիրներին առաջարկում են ստեղծել «Երևանի փրկության համար» պլատֆորմ

Ընդդիմադիրներին առաջարկում են ստեղծել «Երևանի փրկության համար» պլատֆորմ

Քաղաքացիական ակտիվիստները Երևանի ավագանու ընտրություններին  մասնակցող ընդդիմադիր ուժերին կոչ են անում ձևավորել «Երևանի փրկության համար» պլատֆորմ՝ որպես գալիք ընտրություններին միասնաբար մասնակցելու քաղաքական հիմք: Այս կոչի հեղինակն է «Փրկենք Երևանը» նախաձեռնությունը:

Ըստ նախաձեռնության անդամների՝ մինչ կարգավորման նոր մեխանիզմների ձևավորումը պետք է սառեցնել Երևանի կենտրոնի բոլոր քաղաքաշինական գործընթացները, սառեցնել Ազգային Ժողովի, Կառավարության, Երևանի քաղաքապետարանի և ցանկացած այլ ատյանների` Երևանի կենտրոնի կառուցապատմանը կամ պատմամշակութային հուշարձաններին վերաբերող արդեն իսկ ընդունված որոշումների իրագործումը, կասեցնել ցանկացած շինարարական գործունեություն Երևան քաղաքի կանաչ գոտիներում, ՀՀ Ոստիկանությանը հանձնարարել՝ միջամտել և կասեցնել վերը նշված կարգի ցանկացած աշխատանքները:

Ակտիվիստները առաջարկում են վերոնշյալ պահանջները ընդունել որպես «Երևանի փրկության համար» միասնական պլատֆորմի նախընտրական և հետընտրական ծրագիր:

«Ջանքեր չենք խնայի, որպեսզի առաջիկա` Երևանի ավագանու ընտրություններին ընտրողները քվեարկեն ընդդեմ այն քաղաքական ուժի կամ ուժերի, որոնք իրենց ծրագրերում չեն ունենա համապատասխան բաժին՝ կազմված իրատեսական և գոհացուցիչ թեզերից: Պայքար կմղենք ընդդեմ այն ուժի կամ ուժերի, որոնք Երևանի ավագանի ընտրվելուց հետո կհրաժարվեն «Երևանի փրկության համար» առաջարկվող պահանջները կատարելուց»,- նշում են ակտիվիստները: