Home / Հայաստան / Թուրքիայում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը. առաջարկում են հանձնաժողով ստեղծել

Թուրքիայում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը. առաջարկում են հանձնաժողով ստեղծել

Քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Իդրիս Բալուքենը Թուրքիայի խորհրդարանին առաջարկել է հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի 1915 թվականի դեպքերի քննությամբ: Այս մասին հաղորդում է Today’s Zaman պարբերականը:

Բալուքենը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադարձել է նաև Facebook սոցիալական ցանցի իր էջում՝ նշելով, որ Թուրքիայի Հանրապետությունը պետք է ներողություն խնդրի հայերից՝ իրականացրած ցեղասպանության համար: Բալուքենի կուսակցությունը 1915 թվականի դեպքերը «մեծագույն ողբերգություն» է անվանել՝ որակելով դրանք որպես Ցեղասպանություն:

Ցեղասպանության համար ներողություն խնդրելու և այն ճանաչելու կոչերը երեկ հնչել են նաև Ստամբուլի փողոցներում, որտեղ հարյուրավոր մարդիկ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների են մասնակցել:

Ստամբուլում կայացած միջոցառումներին այս տարի առաջին անգամ մասնակցել են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության անդամներ Բելգիայից, Ռումինիայից, Ֆրանսիայից: Բացի թուրքահայերից, վերջին տարիներին ստեղծված ավանդույթի համաձայն, միջոցառումներին մասնակցել են թուրքական ՀԿ-ների ներկայացուցիչներ, մտավորականներ, կրոնական ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Հիշատակի միջոցառումներն անցկացվել են Սուլթանհամիդ և Թաքսիմ հրապարակներում: Հավաքվածները նաև քայլերթ են անցկացրել՝ այն սկսելով Թուրքական և իսլամական մշակույթի թանգարանի մոտից, որը նախկինում բանտ է եղել, որտեղ պահվել են հայ մտավորականները՝ 1915 թվականին սպանվելուց առաջ:

Հիշատակի արարողության ժամանակ քաղաքացիական հասարակության ակտիվստները կոչ են արել Թուրքիայի կառավարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: