«Հայ Ազգային Կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնությունների պատճառն այն է, որ վերջինս հակված է, քաղաքացիական շարժումը մեծացնելով, հասնել ինչ-որ փոփոխությունների երկրում, մինչդեռ ՀԱԿ-ը քաղաքական ուժ է և քաղաքական ավելի կուռ համագործակցությունների ստեղծման է գնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության հետագա գործունեությանը՝ Մուսինյանը նշել է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության աշխատանքը բնականոն ընթացքի մեջ է. ՀԱԿ կուսակցության՝ Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի հետ ունեցած տարաձայնություններն այդ ընթացքի վրա բացասական չեն անդրադառնում:
Ավելին, ըստ Մուսինյանի, այն, որ այս անգամ, ի տարբերություն 2007 թվականի, ՀԱԿ-ը խորհրդարանական ուժ է, ևս մեկ փաստարկ է ավագանու ընտրություններին մանդատներ ունենալու դեպքում դրանցից չհրաժարվելու, քանի որ ավագանու ՀԱԿ-ի անդամները իրենց առաջարկները ԱԺ ներկայացնելու հնարավորություն ունեն: