Հայաստանյան ոստիկանությունն այսօր վերածվել է դիակ հավաքող շտապ օգնության ջոկատի և տաք հետքերով ինչ-որ հետաքննություններ անցկացնողի: Կանխարգելման միջոցառումներ կամ չեն անում, կամ անում են շատ ցածրորակ՝ ինսայդերական մարտավարություն չունենալով, կամ իրենց ինսայդերները թռնում են, գնում-լուծվում են քրեականներին, չեն կարողանում որակյալ միջոցառումներ կազմակերպել, որ բանը դրան չհասնի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը: Խոսելով ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության մասին՝ Բարսեղյանն ասել է, որ կրակոցները հնչել են օրը ցերեկով՝ քաղաքի հիմնական բանուկ մայրուղիներից մեկում:
«100-150 մետրից մի քանի գնդակ փողոցը հատել-դիպել էր դիմացի խանութի ապակուն և սանդուղքներին: Ցերեկը՝ ժամը 13.00-ի սահմաններում, շատ մարդաշատ է լինում այդ հատվածը՝ գնդակներից մեկը անցել էր խանութի պատուհանից, մտել էր ներս, գնացել դիպել էր պատին: Ուղղակի հրաշք էր, որ դրսում հավաքված մարդկանցից որևէ մեկի գնդակը չէր դիպել՝ չհաշված նաև այն, որ ցերեկվա այդ ժամին խանութի ապրանքը դրսում են շարում: Լավ էր, որ այսպես ավարտվեց»,-պատմել է Բարսեղյանը:
Մեր զրուցակիցը նշել է, որ երեկ իր ընկեր Վահան Թումասյանը («Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար) խորհուրդներ է գրել իշխանությանը՝ «թե լավ չեք կարողանում անվտանգությունն ապահովել, գոնե զրահաբաճկոններով ապահովեք գյումրեցիներին»:
«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ամբախ-զամբախ հայտարարությունների մասին ես միշտ ասել եմ՝ էդ մարդը ինքչան շուտ գնա տուն՝ հրաժարականով, այդքան լավ թե իր, թե հայ ժողովրդի համար: Նա փորձում է այս ամբողջը հիմնավորել և խեթել գյումրեցիներին գողական մտածողության համար: Դա նույնն է, որ ես բոլոր ոստիկաններին վերագրեմ Վովա Գասպարյանի ինտելեկտը: Դա շատ ամոթալի բան կլինի: Էդ մարդը չի հասկանում՝ ինչ է խոսում. փոխանակ իր գործով զբաղվի, ուշքն ու միտքը էդ տեսակ արդարացումներն են, ինչը շատ ամոթ է ինձ համար՝ որպես հարկատուի: Չեք կարող անել այդ գործը, ախպեր, ելեք, գնացեք տուն, թող ուրիշն անի այդ գործը»,- ասել է Լևոն Բարսեղյանը:
Նա նաև անդրադարձել է դեպքի առթիվ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հայտարարությանը, որում ասված է, թե՝ «բոլորս ենք մեղավոր»:
«Ես ոչ մի կերպ չեմ կարողանում իմ մեղքը գտնել այս հարցում: Ամեն անգամ մենք նկատում ենք, որ փորձում են մեղքի, մեղավորության կամ պատասխանատվության համահարթեցում անել: Երբ ընտրությունների ժամանակ քննադատում ենք կաշառքն ու կեղծված ձայները, ասում են՝ «է, թող չվերցնեն, ժողովուրդն է մեղավոր. այ ախպեր ջան, դուք եք իշխանությունը, դուք եք ուզեցել իշխանություն լինել, վերցրել եք, զավթել, թե ընտրվել եք՝ մի կողմ թողնենք, դուք ձգտել եք դեպի իշխանություն ու ստացել եք ամեն ինչ, հիմա էլ պատասխանատու եղեք: Հիմա դուք վերցրել եք իշխանությունը, ուրեմն բարի եղեք ապահովել մարդկանց անվտանգությունը ու ոչ թե փորձեք սվաղել կամ ցրել պատասխանատվությունը ձեր վրայից ու գցել հանրության վրա: Սա հին հնարք է՝ «բոլորս մեղավոր ենք, բոլորս ենք պատասխանատու», ասեմ, իմ մեղավորությունը բոլորովին չեմ տեսնում ՝ ես ոչ զենք մատարկարարողի հետ եմ փայ եղել, ոչ՝ կրակողի, ոչ՝ ոստիկանի: Ես իմ գործին էի, ու այդ ո՞նց եղավ, որ ես էլ եմ պատասխանատու ձեզ հետ մեկտեղ», – ասել է Բարսեղյանը:
Նա վստահ է, որ վերջին հրաձգությունն անպայման ունենալու է քրեական հետևանքներ:
«Շատ քիչ հավանական եմ համարում հաշտությունը, ռիսկերը սաստիկ մեծ են: Շատ մեծ տարբերություն կա մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցած Բալասանյան (Գյումրիի ներկայիս ԲՀԿ-ական քաղաքապետ-խմբ.) -Ղուկասյան լեզվակռվի օրերի մթնոլորտի և այսօրվա մթնոլորտի միջև: Այն ժամանակ, երբ այդ վեճը ելել էր հրապարակային մակարդակի՝ փոխադարձ մեղադրանքներ, լուտանքներ, շատերը մտածում էին, որ դա կարող է վերածվել արյունահեղության, ես այն ժամանակ կարծիք հայտնեցի, և այդպես եղավ: Ես ասացի՝ երբ վեճը ելնում է հրապարակային խոսակցության մակարդակի՝ անգամ սուր տոներով, ինչը շատ տհաճ է, իհարկե, ամենայն հավանականությամբ, դա արյունահեղության չի վերածվում և չվերածվեց», – ասել է Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ այս անգամ ամբողջը բավական քողարկված էր, և Աստված գիտե՝ ինչպիսի զարգացումներ դեռ կարող են լինել:
«Այդ սրացումների մասին գիտեր հասարակությունը, շատ լավ տեղյակ էին նաև ոստիկանությունում ու դատախազությունում: Երկու օր առաջ մի լուր եղավ, թե մարզի նախկին դատախազը՝ Դավիթ Սարգսյանը, փակ հաղորդագրություն է ուղարկել ոստիկանությանը, թե՝ «Ղուկասյանի ու Մարտուն Գրիգորյանի մերձավորների միջև սրացումները կարող են բերել արյունահեղության»: Համենայն դեպս՝ այդ տեսակ գրության մասին լուր տարածվեց, որ Սարգսյանը ահազանգի, զգուշացման պես մի բան ուղարկել է ոստիկանություն, բայց, փաստորեն ոստիկանությունը՝ խոշոր հաշվով անգործության է մատնված եղել», – ասել է Բարսեղյանը:
Լրագրողը շեշտել է՝ եթե վատ բան պատահի, ապա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկնելու է իշխանությունների ու հատկապես՝ ոստիկանության վրա:
«Այսօր ոստկանությունն ունի այն ամենն, ինչ ուզել է պետությունից՝ բյուջեով հատկացվել է այնքան, ինչքան երազել են, ինչ սպառազինություն ասես ունեն, ունեն գաղտնալսման բոլոր հնարավորությունները, զենքերը ունեն, մարդաքանակը Աստված գիտե՝ ինչքան են, մինչև հիմա ոստիկանությունը գաղտնի է պահում ոստիկանության թիվը՝ «ծառայողական, պետական գաղտնիք է»: Ինչքան ուզեցել, էնքան աճել են. չգիտեմ մեկին, որ ուզեցել է ոստիկան դառնալ ու իրեն մերժեին», -նշել է Գյումրիի ավագանու անդամը:
Նա նաև ընդգծել է, որ ոստիկանների մեծաթիվ բանակ ղեկավարող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ իր խոսքերի համար գյումրեցիները ենթասպայի կոչում են տվել:
«Տղերք, էս սպանությունների հնարավորությունների մասին խոսվել է, դեպքը կատարվել է ոստիկանության շենքից 1200 մետր հեռավորության վրա, այդ ընտանիքներին շատ լավ գիտեք, ինչպես նաև հայտնի քրեական հեղինակություններին, ի՞նչ, հիմա սպասում եք, որ իրար խփեն՝ թեթևանա՞: Չեք կարող, թողեք, տուն գնացեք»,- ասել է Բարսեղյանը՝ շեշտելով, որ մեզ է փոխանցում շատ գյումրեցիների, իրեն ձայն տված ընկերների վրդովմունքը:
Անդրադառնալով այս պահին Գյումրիում տիրող մթնոլորտին՝ մեր զրուցակիցը նշել է, որ այն, ցավոք սրտի, սովորական է:
«Լավ կլիներ, որ այդպես չլիներ, իրավիճակը միայն Գյումրուն չէ հատուկ՝ Պռոշյանն է, «Հարսնաքարն է»: Ի՞նչ է, Երևանում քի՞չ է եղել, որ օրը ցերեկով փողոցում մարդ են գնդակահարել ու չեն էլ բացահայտել: Ամբողջ Հայաստանով մեկ նույն իրավիճակն է, որը ես հեգնանքով վերածել եմ կոնցլագերի շարքի, թեթև ռեժիմով կոնցլագերի մեջ ենք, ուղղակի պետք է համարձակություն ունենալ ընդունել, որ ապրում ենք թեթև ռեժիմով «զոնում»: Էս տեսակ միջավայրում նման բաներ աճում են ու աճելու են, մինչև Հայաստանի ավտորիտար քաղաքական ռեժիմը չփոխվի: Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակն է՝ դրսի համար ներկայանալ որպես Հայաստանի միակ և զորավոր իշխանություն, իսկ ներսի հարցերը իրեն հուզում են այնքան, որ չվնասեն իր իշխանական երկարակեցությանը»,- ասել է Բարսեղյանը: