Րաֆֆի Հովհաննիսյանն այն է, ինչ կա: Մի կողմ թողնենք, թե ինչպես եղավ, որ նա լուրջ ձայներ հավաքեց, իսկ նա շատ լուրջ ձայներ հավաքեց, հաղթական ձայներ: Բայց պետք է անցներ ժամանակ, և մարդիկ հասկանային, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այն է, ինչ կա: Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Ավելին այդ անձի ետևում չկա: Եվ չեմ կարծում, որ այն մոտեցմամբ, որը նա այսօր ունի, հնարավոր է որևէ լուրջ պետական աշխատանք կազմակերպել ինչպես՝ իշխանության, այնպես էլ՝ ընդդիմության դաշտում», – ասել է Բագրատյանը:
Նրա խոսքով՝ երբ ինքն ասում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պոպուլիստ է, դա վիրավորական չէ:
«Պոպուլիստ ասելով՝ նկատի ունեմ, որ նրա առջև և՛ ծրագրային, և՛ ստրատեգիական, և՛ տակտիկական առումներով ժողովրդին հաճոյանալու, արտաքին կաղապարին դիմելու, կարճաժամկետ էմոցիաներ դրդելու, գրգռելու քաղաքականություն է: Սա վատ չէ: Բայց սա պոպուլիստներին բնորոշ գործելակերպ է: Վերջին 4-5 ընդդիմադիր ղեկավարներն, իմ կարծիքով, բացի Տեր-Պետրոսյանից, եղել են պոպուլիստ: Ով ուզում է, թող նեղանա: Րաֆֆի Հովհաննիսյանը, իր այդ բարևներին զուգահեռ, մեզ չի հրամցրել ծրագիր, գործողությունների տեսլական: Ավելին, երբ ես ուշադրությամբ լսում եմ նա ինչ է ասում, տեսնում եմ, որ այնտեղ առկա է մտածված գործողությունների պակաս», – նշել է պատգամավորը:
Բագրատյանի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մակարդակը չի համապատասխանում հասարակական այն պահանջներին, որ կարողանա երբևիցե որևէ բան փոխել:
Պատգամավորի խոսքով՝ իշխանափոխությանը շատ մոտ էր Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին:
«Կար գաղափարական համախմբում: Իհարկե, վերջին պահին չստացվեց: Այդ շարժումը նույնիսկ մի քանի տարի տևեց, երեք տարի հետո էլ չէր մարում: Անհամեմատելի շարժումներ են: Կրկնում եմ՝ հիանալի է, լավ է: Մի քանի անգամ հրապարակավ պաշտպանել եմ Րաֆֆիին: Ուրիշ ճար չունեմ, նա էր, նրա վրա գնաց: Բայց պետք է ասեմ՝ նման գործչի հետ ոչինչ չի ստացվելու: Ավելի վատ է, որ նա այսքանից հետո՝ որպես քաղաքական գործիչ՝ փորձում է մնալ ջրի երեսին, նա պարզապես պետք է հեռանա ասպարեզից, որովհետև, երբ ժողովուրդը մի անգամ գործչի վրա դրույք է կատարում՝ չի ստացվում, նա արդեն պիտի հեռանա», – հայտարարել է Բագրատյանը:
Նա նշել է, որ հարկավոր է ֆիքսել՝ ընտրություններից հետո կայացավ հրաշալի ընդդիմադիր, քաղաքական բևեռ, որը հերթական անգամ վրիպեց:
«Նույն մարդով, նույն ուժերով երկրորդ բևեռը կառուցել չի կարելի», – հավելել է Բագրատյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ տեղադրված է 168.am կայքում