Ինչպես և Բարաք Օբամայի պաշտոնավարման նախորդ տարիներին, 2013 թվականի ապրիլի 24-ին էլ, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, ԱՄՆ նախագահը օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրը:
Օբամայի ելությում մեծապես կրկնվել են այն արտահայտությունները, որոնք տեղ էին գտել նախորդ տարիներին հնչեցրած հայտարարություններում:
Մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահը, ինչպես անցյալ տարի հայտարարել է, որ «մենք միանում ենք միլիոնավոր մարդկանց ԱՄՆ-ում և ողջ աշխարհում, որտեղ այս իրադարձությունը ոգեկոչվում է երկրների, կազմակերպությունների, համայնքների և ընտանիքների կողմից», ինչպես նաև ասել է, որ «98 տարի առաջ 1,5 միլիոն հայեր դաժանորեն մորթվեցին և իրենց մահը գտան Օսմանյան կայսրության վերջին օրերին»:
ԱՄՆ-ի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ բազմիցս է արտահայտել իր տեսակետը 1915 թվականին տեղի ունեցածի վերաբերյալ, և այդ տեսակետը չի փոխվել՝ ընդգծելով, որ փաստերի լիակատար և ազնիվ ընդունումը մեր բոլորի շահերից է բխում:
«Ազգերը ավելի ուժեղ են դառնում ընդունելով անցյալի ցավալի իրողությունները՝ դրանով իսկ արդար և հանդուրժող ապագայի կառուցման հիմք դնելով: Մենք գնահատում ենք այդ դասը ԱՄՆ-ում, և աշխատում ենք առերեսել մեր պատմության ամենամութ էջերին: Մենք նաև ողջունում ենք այն հայերին և թուրքերին, ովքեր բռնել են տվյալ ուղին, և կոչ ենք անում այլոց այդ ուղու վրա կանգնել իրենց կառավարությունների, ինչպես նաև իմ օգնությամբ», – ասել է Օբաման:
Նշենք, որ, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ Բարաք Օբամայի ելույթը դժգոհություն է առաջացրել ԱՄՆ-ի հայ համայնքի շրջանում: Մասնավորապես, ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակը արձանագրել է, որ ԱՄՆ նախագահը հերթական անգամ չարտաբերեց «ցեղասպանություն» եզրը, ինչին սպասում են ամերիկահայերը: