«Արմավիա» ավիաընկերությունը դեռ չի դիմել դատարան` սնանկացման գործընթացը սկսելու համար. ավելին՝ ընկերությունն «առողջացման ծրագիր» է ներկայացրել, տեղեկացնում է 168.am կայքը:
Երեկ Հանրային խորհրդում «Արմավիայի» շուրջ ստեղծված քննարկման ժամանակ լրագրողներին բաժանվել է «Ավիափոխադրումների ոլորտի «առողջացման» և «Արմավիա» ավիաընկերության գործունեության վերականգնմանն ուղղված նվազագույն առաջնային պայմաններ» անվանումով մի փաստաթուղթ:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա «Արմավիայի» կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանից 168.am-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչու և երբ որոշումը փոխվեց:
Լևոն Քարամյանը որևէ հստակ պատասխան չի տվել:
««Արմավիան» սնանկացման վերաբերյալ հայտ չի ներկայացրել դատարան, կներկայացնի, թե ոչ՝ հայտնի չէ», – ասել է Լևոն Քարամյանը: Նա նաև ասել է, որ Հանրային խորհուրդը խնդրել էր փաստաթուղթ ներկայացնել, թե ինչ պայմաններում է հնարավոր «Արմավիայի» գործունեության վերականգնումը, իրենք ներկայացրել են այդ փաստաթուղթը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Արմավիան» վստահելի գործընկեր է կառավարության համար՝ Լևոն Քարամյանն ասել է. «Այո, ես կարծում եմ, որ կառավարությունը մեզ կաջակցի»:
Լրագրողները փորձել են հասկանալ՝ ՀԽ-ի համա՞ր են գրված այս առաջարկությունները, թե՞ «Արմավիան» իսկապես որոշել էր կառավարությանը դիմել նման առաջարկով:
«Արմավիա» ավիաընկերության ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժնի պետ Լևոն Ղազարյանը հարցին պատասխանել է. «Մենք պատրաստ ենք աշխատելու, որպեսզի Հայաստանում առհասարակ ավիացիան գոյություն ունենա»:
168.am-ի այն հարցին, թե երբ պարզ կլինի հանրության համար, թե որ ճանապարհն է ընտրել «Արմավիան»` սնանկանա՞լ, թե՞ առողջանալ, Լևոն Քարամյանը պատասխանել է. «Մենք իրավասու չենք նման կարգի հարցերին պատասխանել»: Նրանից հնարավոր չի եղել նաև պարզել, թե ինչ է այս ամենի մասին մտածում «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: