Վայոց ձորի երեք համայնքներ Արաբական Միացյալ Էմիրություններից ոչխարներ բերելու մասին լուրերի մասին քաղաքացիական ակտիվիստների հարցումներին Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը պատասխան չի տվել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ակտիվիստ Անի Կաղինյանը:
Նրա խոսքով՝ նախարարը ոչ միայն խախտել է տեղեկատվության մասին օրենքը, այլև անորոշության մեջ է թողել հասարակությանը, քանի որ հարցերի մի մասին չի պատասխանել նաև Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ պատճառաբանելով, որ հարցերը միայն նախարարության իրավասության տակ են:
Ինչևէ, մարզպետը չի հերքել, որ համայնքներ տրամադրելու բանակցություններ ընթանում են:
«ՀՀ Վայոց Ձորի մարզպետի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Էյ ընդ էմ Ագրո» ընկերության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել ներդրումներ իրականացնել Գողթանիկ համայնքում, և անհրաժեշտ արոտավայրերի տարածքները պետք է համապատասխանեն կազմվող ծրագրի ծավալներին, սակայն կոնկրետ քննարկումներ չեն եղել»,- պարզաբանել է մարզպետը:
Կաղինյանի խոսքով՝ արաբական ընկերությանը, սակայն, տրվելու է ոչ թե մեկ, այլ երեք համայնքներ (Սարավան, Վարդահովիտ և Գողթանիկ):
«Համայնքները շատ աղքատ են, բնակեցված են հիմնականում փախստականներով: Այս համայնքները հարևան են Սյունիքի մարզի Գորհայք համայքնին, որից տարածքներ են տվրվելու Իրանից բերված ոչխարներին արածացնելու համար»,- ասել է Անի Կաղինյանը: