Այսօր՝ ժամը 12:00-ին, նախապես հայտարարված բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանի, հետաձգվել է: Ակցիան, որը պետք է տեղի ունենար Պուշկինի անվան դպրոցի դիմաց, հետաձգվել է հաջորդ շաբաթ: Այս մասին Վարազդատյանը գրել է Facebook-ի իր էջում:
Նրա խոսքով՝ իր փաստաբանը դիմել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրինությանը և ակնկալվում է, որ օրենքով սահմանված կարգով կստացվեն պահանջված հետևյալ փաստաթղթերը:
1. Վարազդատյանին աշխատանքի ընդունելու և ազատելու մասին 2013թ.-ի փետրվարի 1-ի թիվ 48 և 2013թ.-ի ապրիլի 11-ի թիվ 65 հրամանների օրինակները,
2. Ա. Պուշկինի անվան հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի և Ն. Վարազդատյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի օրինակը,
3. 2013թ.-ի փետրվար և մարտ ամիսների հաշվարկային թերթիկները,
4. Տեղեկանք վերջնահաշվարկի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Նարեկ Վարազդատյանն ասել էր, որ իր ազատման պատճառը ֆեյսբուքյան գրառումն էր:
«Իմ էջում արել եմ հետևյալ գրառումը՝ «Ես երդվել եմ, որ ՀՀ չորրորդ նախագահ եմ ճանաչում Րաֆֆի Հովհաննիսյանին, ինձ համար օրենք չէ Սերժ Սարգսյանի ընդունած որևէ որոշում: Բացել են, կարդացել են ու, դա հիմք ընդունելով, ինձ ազատել են աշխատանքից», – նշել է Վարազդատյանը:
Նա նաև ընդգծել էր, որ իր ընդդիմադիր հայացքների մասին դպրոցում տեղյակ են եղել հենց սկզբից:
«Ապրիլի 8-ին աշխատել եմ, 9-ին, բանկանաբար, մասնակցել եմ ՀՀ չորրորդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը, 10-ին դպրոց չեմ գնացել, ամսին 9-ի թույտվությունը ինձ տվել է ուսմասվարը, ասել է՝ «հարց չկա, կարող ես գնալ», 10-ի բացակայությունս անհարգելի է եղել, որովհետև նախորդ օրը ինձ շատ լավ ծեծել էին ու ես ի վիճակի չէի վեր կենալ ու գնալ դպրոց: Ամսի 11-ին տնօրենն իմ ազատման հրաման է տալիս: Չկա որևէ իրավական հիմք՝ ինձ աշխատանքից ազատելու համար: Նախ՝ 1 օր անհարգելի բացակայության դեպքում ինքը իրավունք չունի ինձազատել աշխատանքից, 2-րդը՝ առանց խիստ նկատողության ընդհանրապես իրավունք չունի ազատել, մի խոսքով խախտված են մի շարք օրենքներ»:
Քաղաքապետարանը ներկայացրել էր տեղի ունեցածի իր վարկածը: