Home / Տեսանյութեր / Կրակոցներ «Հաղթանակ» զբոսայգում. տուժածներից մեկը հիվանդանոցից անհետացել է

Կրակոցներ «Հաղթանակ» զբոսայգում. տուժածներից մեկը հիվանդանոցից անհետացել է

Ապրիլի 26-ին, ժամը 23.10-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց են  տեղափոխվել 22-ամյա Սարգիս Կ.-ն, 23-ամյա Տիգրան Չ.-ն և 20-ամյա Միքայել Մ.-ն:

Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, Սարգիս Կ.-ն և Տիգրան Չ.-ն վնասվածքներն ստացել են ժամը 22.30-ի սահմաններում, «Հաղթանակ» զբոսայգում գտնվող անմար կրակի մոտ՝ վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից գազային ատրճանակից արձակած կրակոցների հետևանքով, իսկ Միքայել Մ.-ն վնասվածքն ստացել է նույն վիճաբանության ընթացքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդի կողմից՝ նրան վրաերթի ենթարկելու հետևանքով:

Epress.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Վարուժան Բալյանն ասել է, որ հիվանդանոցում առաջին օգնություն ստանալուց հետո Սարգիս Կ.-ին ոստիկաններն այլևս չեն տեսել:

«Նշված անձը բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է, նրան հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում», – ասել է Բալյանը:

Ոստիկանությունը Միքայել Մ.-ից և Տիգրան Չ.-ից ընդունել է հաղորդումներ: Միջոցառումներ են տարվում  Սարգիս Կ.-ին, Միքայել Մ.-ին և Տիգրան Չ.-ին վնասվածքներ պատճառած անձանց, ինչպես և նշված ավտոմեքենան ու գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: