Ապրիլի 28-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ խոչընդոտվել է քաղաքացիների հետ հանդիպումը. նախ կտրել են հոսանքալարը, ապա այն վերանորոգելուց հետո հոսանքազրկել ողջ շենքը: Այս մասին ասված է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան»-ի նախընտրական շտաբի հայտարարության մեջ:
«Երբ միջոցառման կազմակերպիչները փորձեցին անհրաժեշտ հոսանքը հայթայթել այլ աղբյուրից՝ ՀՀԿ շտաբից դուրս եկած երիտասարդները հրահրեցին քաշքշուկ, որը դադարեցվեց ոստիկանների միջամտությունից հետո:
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի շտաբը դատապարտում է ՀՀԿ որդեգրած այս գործելոճը և ոստիկանությունից պահանջում ձեռնարկել համապատասխան միջոցներ` բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու սադրիչներին, ինչպես նաև ապահովելու դաշինքի կազմակերպած հետագա միջոցառումների կարգուկանոնը և մասնակիցների անվտանգությունը», – ասված է դաշինքի տարածած հայտարարության մեջ: