Home / Հայաստան / Հայազգի Միշան Բոսթոնի ահաբեկչի հետ շփվել է, բայց «ուղեղը չի լվացել»

Հայազգի Միշան Բոսթոնի ահաբեկչի հետ շփվել է, բայց «ուղեղը չի լվացել»

Բոսթոնում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կասկածյալ Թամերլան Ցարնաևի (լուսանկարում) ծանոթ հայազգի Միխայիլ Ալախվերդովը հերքել է լուրերն այն մասին, թե իբր ինքն ազդել է ահաբեկչի հայացքների արմատականացման վրա, գրում է The New York Review of Books-ը: Ալախվերդովը, ով վերջին օրերին մամուլում ներկայացվում էր որպես Միշա անունով իսլամ ընդունած հայ, ասել է, որ մի քանի տարի առաջ իսկապես շփվել է Ցարնաև-ավագի հետ, սակայն նրա «կրոնական ուսուցիչը» չի եղել:

«Եթե ես նրա ուսուցիչը լինեի, կհամոզվեի, որ նա երբեք նման բան չի անի», – ասել է Ալախվերդովը: Նա պատմել է, որ 3 տարի առաջ, երբ բնակվում էր Բոսթոնում, շփվում էր Ցարնաևների հետ, սակայն պնդել է, որ երբեք չի տեսել ընտանիքի հարազատներին, որոնք այժմն նրան մեղադրում են եղբայրների հայացքների արմատականացման մեջ: Ալախվերդովը հաստատել է իր՝ մահմեդական լինելը, սակայն Ցարնաևների հետ իր հարաբերությունների բնույթի մասին հրաժարվել է խոսել:

Հիշեցնենք, որ հայկական ծագում ունեցող Միշա անունով երիտասարդի՝ Ցարնաև եղբայրների «ուղեղները լվանալու» մասին հայտնել էր եղբայրների հորեղբայր Ռուսլան Ցարնին:

Ընտանիքի՝ Ալախվերդովի հետ շփվելու մասին խոսել է նաև Թամերլանի և Ջոհարի մայրը՝ Զուբեյդաթը: Մոր խոսքով՝ ինքն ամաչում էր, որ, լինելով մահմեդական, ավելի քիչ էր աղոթում, քան մահմեդականություն ընդունած Ալախվերդովը:

Միխայիլ Ալախվերդովն այժմ բնակվում է Ռոդ-Այլենդում: Նա համագործակցում է Դաշնային հետախուզական ծառայության աշխատակիցների հետ:

39-ամյա Ալախվերդովը ծնվել է Ադրբեջանում՝ հայի և ուկրաինուհու ընտանիքում: 1990թ. հայերի վտարման ժամանակ ընտանիքն Ադրբեջանից տեղափոխվել է ԱՄՆ:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բոսթոնում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող 26-ամյա Թամերլանը սպանվել է, իսկ նրա 19-ամյա եղբայրը՝ ձերբակալվել: