Ապրիլի 26-ի երեկոյան «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած միջադեպի մանրամասները հայտնի են, գործը բացահայտվել է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ այդ օրը մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 22-ամյա Սարգիս Կ.-ն, 23-ամյա Տիգրան Չ.-ն և 20-ամյա Միքայել Մ.-ն: Ոստիկանության հաղորդման համաձայն, Սարգիսը և Տիգրանը վնասվածքները ստացել են «Հաղթանակ» զբոսայգում գտնվող անմար կրակի մոտ՝ վիճաբանության ժամանակ գազային ատրճանակից արձակած կրակոցների հետևանքով, իսկ Միքայելը վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ընթացքում՝ վրաերթի ենթարկվելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի կողմից:
Ապրիլի 27-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են ներկայացել 28-ամյա Արշակ Խ.ն և նրա եղբայրը՝ 26-ամյա Սարգիս Խ-ն: Արշակը ներկայացրել է գազային ատրճանակը, որից կրակել է: Ոստիկանության համաձայն, Սարգիս Խ-ն, իր հերթին, վրաերթի է ենթրակել Միքայել Մ-ին:
«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է: Գազային ատրճանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն: