«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության առաջին հանրահավաքն այսօր Ազատության հրապարակում բացել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ հայտարարելով, որ, քանի որ իրենք երկար ժամանակ հանրահավաքներ չեն հրավիրել, թե իրենք, թե ժողովուրդը «կարոտել են այդ լիցքին»:
«Դուք կարոտել եք վստահելի ու համոզիչ խոսքի, ձեզ զրկել ենք դրանից: Մեզ էլ զրկել ենք ձեր հզոր աջակցությունից», – ասել է Մանուկյանը:
Այնուհետև ՀԱԿ փոխնախագահն անդրադարձել է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ նշելով, որ դրանք ավելին են, քան սովորական ընտրություններ, քանի որ հենց Երևանում է լուծվելու Հայաստանի իշխանության խնդիրը, քանի որ այստեղ է կենտրոնացված Հայաստանի բոլոր բնագավառների 60-70 տոկոսից ավելին:
«Եթե Աստված շնորհ բերի, մեզ էլ խելք, որ համոզենք բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի միասին զրկենք Հանրապետականին այս սուրբ մայրաքաղաքից», – ասել է Արամ Մանուկյանը:
Նա նշել է, որ բոլոր ոչ իշխանական ուժերը պարտավոր են «ամբիցիա չխաղցացնել» ու Երևանը վերցնել ՀՀԿ-ի ձեռքից:
«Տրամադրվեք այսպես՝ սա սովորական քվեարկություն չէ, համոզեք ձեր ընկերներին, համախողներին ու ոչ համախողներին՝ թող քվեարկեն», – կոչ է արել Մանուկյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն իրականում թե խորհրդարանական, թե նախագահական ընտրություններին չնչին ձայներ է հավաքել:
«[նախագահական ընտրություններում] Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է, և մենք վստահ ենք, որ այժմ էլ ժողովուրդը պատրաստ է ընտրել ոչ իշխանական ուժի: ՀԱԿ-ն այն քաղաքական ուժն է, որն ամենավստահելին է, ամենականխատեսելին», – ասել է Մանուկյանը: