Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Աջափնյակում 8 հազար ապարանցի չի գրանցվել, պնդում է ՀՀ ոստիկանությունը՝ արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը:
«Աջափնյակ վարչական շրջանում 2013 թ. հունվարի 9-ին հրապարակված ՀՀ Նախագահի ընտրությունների նախնական ընտրացուցակներում ընդգրկված է եղել 81.614 ընտրող, իսկ 2013 թ. մարտի 27-ին հրապարակված Երևանի ավագանու ընտրությունների նախնական ընտրացուցակներում ընդգրկված է 81.751 ընտրող:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հավաստիացրել է, որ բնակչության պետական ռեգիստրում հաշվառումներն իրականացվում են բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան հիմքերի առկայության պայմաններում», – ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ իրենք ահազանգ են ստացել, որ «ութ հազար ապարանցի բերել և գրանցել են Աջափնյակում, որոնք մայիսի 5-ին պիտի գնան և ընտրեն որպես երևանցի»: