Երկու շաբաթ առաջ պաշտոնանկ արված Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը որևէ կապ չունի «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի հետ. խանութների ցանցը 2007 թվականին ստեղծվել է նրա որդու՝ Արմեն Նազարյանի կողմից, ով բիզնեսմեն է ու քաղաքականության հետ կապ չունի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է բիզնես «Բիզնես լիդեր հոլդինգ» -ի մարկետինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմինե Պետրոսյանը:
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի Մոսկովյան փողոցում գտնվող խանութի փակումը կապված է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկության հետ: Համաձայն տարածված տեղեկությունների, Նազարյանի անունը կապվում է նաև ՀՔԾ-ում քննվող վաշխառությամբ զբաղվող բարձրաստիճան ոստիկանների գործի հետ: ՀՔԾ-ն առայժմ անուններ չի հրապարակել:
Արմինե Պետրոսյանը, սակայն, պնդել է, որ խանութի փակումը կապված է այն փաստի հետ, որ այն պարզապես չի համապատասխանել ցանցի ձևաչափին:
«2007 թվականից Մոսկովյան 33/39 հասցեում գործող «Մոսկվիչկա» սուպերմարկետը փակվել է Սարյան փողոցում բացված «Մոսկվիչկա»-ի հետ մեկտեղ և այլևս դադարել է կրել այդ անունը», – նշել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ խանութը բավական հին է եղել, և քանի որ ցանցն ընդլայնվել ու զարգացել է՝ իր մեջ ներառելով ավելի մեծ ձևաչափի խանութներ, ընկերությունը որոշել է խանութն առանձնացնել «Մոսկվիչկա» բրենդից:
«Խանութն ավել շատ բակային խանութ էր և չէր համապատասխանում մեր ոչ մի ստանդարտին, և տարուց ավել խանութից հանված է եղել «Մոսկվիչկա»-ի լոգոն: Խանութն աշխատել է որպես առանձին ՍՊԸ, բայց քանի որ նույն փողոցի վրա եղել է իրական «Մոսկվիչկա» սուպերմարկետը, խանութը իրեն չի արդարացրել զուտ վաճառքի ու շրջանառության առումով ու ծախսերն ավելի շատ են եղել, քան բերած եկամուտը», – ասել է հոլդինգի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:
Պետրոսյանն ընդգծել է, որ ենթադրվել է տարածքն օգտագործել ավելի նպատակահարմար ու հետագայում ավելի հետաքրքիր նախագիծ իրականացնելու համար:
«Առայժմ գաղտնիք է ու չեմ կարող ասել՝ ինչի մասին է խոսքը, բայց միանշանակ շատ լավ անակնկալ է լինելու թե տարածքի, թե քաղաքի բնակիչների համար», -եզրափակել է մեր զրուցակիցը: