Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն անթույլատրելի է համարում իր ունեցվածքի շուրջ «շահարկումները»: Այս մասին նա ասել է «Առավոտ» թերթի հետ զրույցում:
«Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել: Նման խնդիրներով «խիստ» մտահոգվողները պետք է ուշադրություն դարձնեն, որ մյուս թեկնածուները ևս ազնիվ լինեն հայտարարագրեր ներկայացնելու հարցում, որովհետև երբեմն հայտարարագրում նշված ունեցվածքի ու իրական կարողության միջև մեծ խզում է լինում», – ասել է Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքով՝ ինքը՝ որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրել է իր ունեցվածքը:
«Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա», – ասել է ՀՀԿ-ի թեկնածուն:
Հիշեցնենք, որ երեկ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հանցագործության կատարման մասին հաղորդում է ներկայացրել, որը վերաբերում է Տարոն Մարգարյանի եկամուտներին:
ՀԱԿ-ը Երևանի ընտրությունների քարոզարշավի ժամանակ բազմիցս նշել է, որ Տարոն Մարգարյանը միլիոնավոր դրամների հասնող ունեցվածք է հայտարարագրել, ինչը կասկածելի է, քանի որ քաղաքապետը բուհն ավարտելուց հետո աշխատել է պետական համակարգում:
Երեկ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշել է, որ ՀՀԿ-ականներն իրենց խնդրել էին փաստեր ներկայացնել, և այժմ ՀԱԿ-ը հենց դա է անում՝ լսելով ՀՀԿ անդամների կոչերը: Զուրաբյանն ընդգծել է, որ ներկա ապացույցներն անհերքելի են և մեղադրել է Տարոն Մարգարյանին ժողովրդին թալանելու մեջ: