Ավանի հանրակրթական դպրոցներում ավարտական դասարանների աշակերտներին ստիպում են, որ այս տարի ավարտական երեկույթները պետք է անպայման կազմակերպվեն և անցկացվեն «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որտեղ յուրաքանչյուր աթոռի արժեքը 11 000 դրամ է:
Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը: Epress.am-ի հետ զրույցում Կաղինյանը մասնավորեցրել է, որ ինքն ահազանգ է ստացել 170-րդ դպրոցից:
Խնդրի շուրջ Аravot.am-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից հետաքրքրվել է՝ կա՞ արդյոք նման բան, ինչին ի պատասխան Սողոմանյանը հայտնել է, որ դպրոցն ավարտելուց հետո ծնողներն ու երեխաներն են որոշում՝ որտեղ խնջույքներ իրականացնել:
«Դա միայն նրանց իրավունքն է, մենք այդ դաշտ չենք մտնում, որովհետև այդ երեխաներն ավարտելուց հետո այլև դպրոցի աշակերտ չեն: Ինչ վերաբերում է ներկային, քաղաքապետի կողմից խիստ հանձնարարություն կա՝ քեֆերն ընդհանրապես մոռանալ, որովհետև դեռ քննական շրջան է, դրամահավաքությունը ևս խիստ արգելված է բոլոր նպատակներով, ինչում մենք հետևողական ենք», – ասել է Սողոմոնյանը:
Կրթության վարչության պետը նշել է, որ սովորաբար դպրոցներում ամեն դասարան վերջին դաս է անում, որի ընթացքում դասղեկը բարեմաղթանքներ է անում երեխաներին, խոսում նրանց մասին՝ հիշողություններ, հետաքրքիր դեպքեր՝ ծնողական խորհրդի ներկայությամբ, դպրոցի տնօրենն էլ շրջում է դասարաններով:
«Վերջին զանգի օրը սա է լինելու», – նշել է Սողոմոնյանը:
Նա նաև հավելել է, որ այդ օրվա հետ կապված նոր հանձնարարական ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից դեռևս չունեն,
չնայած դրան,սովորաբար ամեն տարի երեկոյան դրսում միջոցառում են կազմակերպվում:
«Նախկինում ավանդույթ կար,դպրոցներում սեղաններ էին գցում, խիստ արգելել եմ բոլոր տեսակ ֆուրշետները, դեպքեր են եղել, որ այնքան կոշտ եմ զգուշացրել, որ մարդիկ վիրավորվել են, ու հիմա նման բաները արմատախիլ են արվել դպրոցներից: Նորից եմ ուզում նշել, որ քննություններից հետո ավարտականը տալիս ենք, ծնողը գիտի՝ ինչպես վարվել: Այդ երեխաներն այլևս դպրոցի աշակերտ չեն համարվում, «Աշտարակի ձոր» կգնան, թե «Հարսնաքար» ու «Ծաղկաձոր», ծնողն ու աշակերտն են որոշում, ոչ դասղեկ չի մասնակցվում, որեւէ տնօրեն՝ նույնպես», -ասել է կրթության վարչության պետը:
Վերջինս հավելել է, որ կկապվի Ավանի դպրոցների տնօրենների հետ՝ ճշտելու, թե լուրը որքանով է հավաստի:
Անի Կաղինյանի գրառմանն անդրադարձ է կատարել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով նույն սոցիալական ցանցի իր էջում, մասնավորապես, գրել է.
«Եթե այս տեղեկության մեջ ճշմարտության հատիկ կա, եթե «Հանցաքար» որակված «Հարսնաքարում» որևէ մեկի կողմից չափահասության նվիրագործման ծեսի վերածված դպրոցի ավարտական խնջույքը անցկացնելու ծրագիր կա, ապա դա նշանագրության լեզվով կարելի է որակել չափահասների կարգավիճակում հաստատելու անցումային կարևոր շրջանում բարոյազրկման ծրագրավորում»:
Ազգագրագետն ընդգծել է, որ «Հարսնաքարում»տեղի ունեցած անմարդկային, դաժան հանցագործությունը դեռևս իրավական լուծում չի ստացել: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին ծեծի էր ենթարկվել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Դեպքից 12 օր անց նա մահացել էր հիվանդանոցում: Գործով դատաքննությունն այս պահին շարունակվում է: