Չնայած նրան, որ հայաստանյան հասրաակության մեջ ընդունված է կանանց՝ մայրերին, քույրերին, դստրերին սրբություն անվանել, սակայն իգական սեռի ներկայացուցիչներից Հայաստանում հղիության արհեստական ընդհատումով ազատվում են ավելի հաճախ, քան աշխարհի երկրների 99 տոկոսում: Համաձայն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի զեկույցի, Հայաստանում աղջիկներից ցանկանում են ազատվել հիմնականում տղամարդիկ:
Հայաստանում առկա է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը, ինչը լուրջ խնդիր է հանդիսանում: Հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել՝ նախընտրելով տղա երեխա ունենալ: Արդյունքում, վաղ 1990-ականներից ի վեր, Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2012 թվականին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:
Այս մասին ասված է այսօր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Երևանում ներկայացված 2012-2013 թթ. «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» ուսումնասիրության մեջ:
Նշենք, որ ուսումնասիրությունը իրականացրել է Փարիզի Բնակչության և զարգացման կենտրոնի Զարգացման հետազոտական ինստիտուտը ներկայացնող դ-ր Քրիստոֆ Գիլմոտոյի կողմից, ով հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրով զբաղվող խոշորագույն գիտնականներից մեկն է աշխարհում:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե շարունակվի աղջիկների ծնունդը խափանելու գնով տղաներ ունենալու արատավոր երևույթը, ապա Հայաստանը մինչև 2060 թ. կկորցնի գրեթե 93.000 պոտենցիալ ապագա մայր, իսկ երկրի բնակչությունը կնվազի հավելյալ 80.000 մարդով (սա ներկայում Հայաստանի 2 տարվա ծնունդների թիվն է) և, այլ հավասար պայմաններում, կկազմի մոտավորապես 2.6 միլիոն:
Հայաստանում առկա հարաբերկացությունն ամենաբարձրերից մեկն է աշխարհում և զիջում է միայն Չինաստանին (118) ու Ադրբեջանին (116):
Զեկույցում ներկայացված աղյուսակը.
Երկիր / տարածաշրջան |
ՆՍՀ |
Ժամանակահատված |
|
Արևելյան և Հարավարևելյան Ասիա | |||
Չինաստան |
117.8 |
2011 |
|
Սինգապուր |
107.5 |
2009 |
|
Հարավային Կորեա |
106.7 |
2010 |
|
Վիետնամ |
111.2 |
2010 |
|
Հարավային Ասիա | |||
Հնդկաստան |
110.5 |
2008-10 |
|
Պակիստան |
109.9 |
2007 |
|
Հարավային Կովկաս | |||
Ադրբեջան |
116.5 |
2011 |
|
Հայաստան |
114.5 |
2011 |
|
Վրաստան |
113.6 |
2009-11* |
|
Հարավարևելյան Եվրոպա | |||
Ալբանիա |
111.7* |
2008-10 |
|
Չեռնոգորիա |
109.8 |
2009-11 |
|
Անդրադառնալով նման իրավիճակի պայմաններին՝ զեկույցի հեղինակը հետևյալ եզրակացությունների է հանգել.
«Հայաստանում առկա են հղիության սեռով պայմանավորված ընդհատման բոլոր երեք նախապայմանները՝
– հայաստանյան հասարակությունը բնույթով հայրիշխանական է և տղա երեխաներին գերադասում է աղջիկներից.
– երկրում առկա և հասանելի են համապատասխան տեխնոլոգիաներ, որոնք ապագա ծնողներին թույլ են տալիս նախապես իմանալ երեխայի սեռը և խուսափել անցանկալի աղջիկ երեխաներից.
– զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ. ծնելիությունը բավականին ցածր է պարզ վերարտադրության աստիճանից»:
Զեկույցում նաև ներկայացվում են մի շարք փաստագրական տվյալներ, որոնք ապացուցում են Հայաստանումա ռկա աղետալի վիճակը.
– Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում տարբերվում է նաև ըստ ծնված երեխաների կարգի՝ այսինքն, թե ընտանիքում ծնված որերորդ երեխան է: Այսպես, ծնված երրորդ և հաջորդ երեխաների մեջ 100 աղջկան բաժին է ընկնում 160 տղա, որն, ըստ երևույթին, աշխարհում երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Այն ավելի բարձր է, քան Չինաստանում արձանագրված՝ ընտանիքում 3 երեխաների առկայության դեպքում սեռերի հարաբերակցության գործակիցը (156՝ 2005 թ.-ին) կամ Հարավային Կորեայի ցուցանիշն իր բարձրակետում (142՝ 2000 թ.-ին)։
– Ընտանիքում երկու երեխայից մեկի տղա լինելը բավական է, որպեսզի հայաստանյան ընտանիքներն իրենց վերարտադրողական մտադրությունները համարեն իրականացած:
– Եթե 1996-2001 թթ.-ին առաջին և երկրորդ ծնունդների մեջ տղաների ավելցուկն 9 տոկոսից էլ քիչ էր, այսինքն՝ հանուն տղա ունենալու հղիությունն ընդհատում էին հիմնականում երրորդ երեխայից սկսած, ապա 2001-2010 թթ. այն հասավ 26.1 տոկոսի. հետևաբար, Հայաստանում արդեն լուրջ խնդիր է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումն առաջին և երկրորդ երեխայի դեպքում:
– 2011 թ․ մարդահամարի տվյալներով, մինչև 15 տարեկան բնակիչների (1996 թ.-ից հետո ծնվածների) սեռերի հարաբերակցությունը կազմում է 115 տղա՝ 100 աղջկա հաշվով, փոխանակ լինելու 104, ինչպես Եվրոպայի այլ երկրներում է։ Մեր երկրում մինչև 15 տարեկան տղա երեխաների թիվը գերազանցում է աղջիկների թիվը գրեթե 39.000-ով։
– Այն դեպքերում, երբ երեխայի ծնունդը գրանցում է հայրը, սեռերի հարաբերությունը կազմում է 116.8 տղա՝ 100 աղջկա հաշվով, իսկ այն դեպքերում, երբ ծնունդը գրանցում է մայրը (ինչը, որպես կանոն, լինում է միայնակ մայրերի պարագայում), սեռերի հարաբերությունը գրեթե չի տարբերվում բնականոնից՝ կազմելով 106.3: