Home / Հայաստան / «Բարև Երևան» դաշինքի թեկնածուն պահանջում է ավագանին հանձնել Տարոն Մարգարյանին

«Բարև Երևան» դաշինքի թեկնածուն պահանջում է ավագանին հանձնել Տարոն Մարգարյանին

«Բարև Երևան» դաշինքի ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը բաց նամակ է հղել  ԲՀԿ-ին և «Բարև Երևան» դաշինքին՝ խնդրելով հրաժարվել Երևանի ավագանու տեղերից:

«Հարգելիներս, դիմելով Ձեզ, որպես ՀՀ քաղաքացի, որպես ընկեր և գործընկեր խնդրում և պահանջում եմ Ձեզնից ամբողջ կազմով հրաժարվել ավագանու տեղերից և ավագանին ամբողջությամբ հանձնել ՀՀԿ-ին և Տարոն Մարգարյանին: Դրանով քաղաքական և իրավական կոլապս առաջացնել նոր գնված և զոռբայաստեղծ ավագանիում», – Facebook-ի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը:

«Ժառանգություն»կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ «Ժառանգությունը» և «Բարև Երևան» դաշինքի անդամ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներն այսօր երեկոյան հանդիպում են ունենալու, որտեղ քննարկելու են երեկ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների, կեղծիքների մասին փաստերը,  գնահատելու են հանձնաժողովների աշխատանքը և վերջապես որոշելու են՝ որքանով է նպատակահարմար ավագանու մանդատները վերցնելը:

Հիշեցնենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ «Բարև Երևան» դաշինքը ստացել է 35732 ձայն (8.48%) և  երրորդ ուժն է, որը լինելու է ավագանիում:

ԿԸՀ-ի համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է ստացել Երևանի ավագանիում ՝55.89 % և կարող է առանց մյուս ուժերի մասնակցության քաղաքապետ ընտրել: Երկրորդ տեղում է ԲՀԿ-ն՝ 23,07%-ով: