Եվրոպայի խորհրդի դիտորդները հիմնականում դրական են գնահատում մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Եվրոպայի խորհրդի կոնգրեսի դիտորդական խմբի ղեկավար բրիտանացի Սթյուարտ Դիքսոնը: Նշենք, որ դիտորդական խմբում են եղել նաև ԵՄ տարածաշրջանների հանձնաժողովից 3 անդամներ, կոնգրեսի պատվիրակությունը կազմված է եղել 12 մարդուց:
Դիքսոնի խոսքով՝ չնայած որոշ տեղամասերում առանձին միջադեպեր են գրանցվել, սակայն ընտրություններն ընդհանուր առմամբ անցկացվել են հանգիստ և բնականոն մթնոլորտում, քվեարկության ընթացքը տեխնիկապես լավ պատրտասված է եղել: Դիքսոնը նշել է, որ հաշվարկի ընթացքը քաոսային ու դանդաղ է եղել ու լրացուցիչ բարելավման կարիք ունի:
Անդրադառնալով խնդիրներին` պատվիրակությունը նշել է, որ քաղաքական ուժերի հետ որոշ հանդիպումների ընթացքում իրենց տեղեկություններ են հասել, թե պետական հատվածի աշխատակիցների վրա ճնշում է գործադրվել` քվեարկելու որոշակի ձևով և նույնի մեջ համոզելու նաև այլ ընտրողների, ինչպես նաև եղել է ձայների վաճառքի խնդիրը:
Խնդիր է նաև այն քաղաքացիների հարցը, ովքեր արդեն Երևանում չեն բնակվում, սակայն շարունակում են մնալ ընտրացուցակներում:
«Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները պետք է շտապ արձագանքեն այս խնդիրներին. Տեղական ինքնակառավարման հարցերը պետք է որոշվեն այն մարդկանց կողմից, ովքեր բնակվում են կոնկրետ համայնքում», – ասել է Դիքսոնը:
Նա կարևոր է համարել նաև առողջ ընտրական մթնոլորտի պահպանումը, որը, մասնավորապես, զերծ կլինի սպառնալիքներից և դրամական խրախուսման մեխանիզմից: Այդ ամենն ապահովել կարևոր է ընտրողների վստահությունը պահպանելու համար, համոզված է Դիքսոնը:
Դիտորդը նաև հիշատակել է յուրաքանչյուր ընտրատեղամասում առկա տեսախցիկները և լայնածավալ տեսանկարահանումները, որոնք ստեղծում էին չափից ավել վերահսկվող գործընթացի տպավորություն, ինչպես նաև տեղական դիտորդների մեծ թիվը, որոնց պատկանելությունը որևէ ՀԿ-ի կամ մամուլի կասկածելի է մնացել Կոնգրեսի պատվիրակության համար:
Դիքսոնը կոչ է արել Հայաստանի իշխանություններին օգտվել այն հնարավորությունից, որ երկիրը ստանձնելու է Եվրոպայի խորհրդի նախագահությունը, ընտրողների վստահությունն ընտրական գործընթացների վերաբերյալ բարելավելու համար: