Home / Հայաստան / Եվրոպայում ևս ընտրողներին տրանսպորտային միջոցներ են տրամադրում, պնդում է ԵԽ կոնգրեսի դիտորդը

Եվրոպայում ևս ընտրողներին տրանսպորտային միջոցներ են տրամադրում, պնդում է ԵԽ կոնգրեսի դիտորդը

Երևանի ավագանու ընտրությունների բովանդակության հետ կապված կարծիքը ԵԽ Կոնգրեսը կհայտնի, երբ պատրաստ լինի իրենց ամբողջական զեկույցը, իսկ մինչ այդ իրենք պատրաստ են եղել և այժմ էլ պատրաստ են հանդիպել բոլոր քաղաքական կուսակցությունների հետ՝ լսելու նրանց կարծիքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Եվրոպայի Խորհրդի կոնգրեսի դիտորդական խմբի ղեկավար բրիտանացի Սթյուարտ Դիքսոնը:

«Ակնհայտ է, որ երեկ կեսգիշերից հետո, երբ ավարտվել էին ընտրությունները, նրանց բոլորին հանդիպելու հնարավորություն և բավարար ժամանակ մենք չենք ունեցել»,-նշել է բանախոսը՝ հավելելով, որ այժմ իրենք հրապարակում են նախնական զեկույցի արդյունքները:

Նա նշել է նաև, որ միայն իրենց թիմի բոլոր անդամներին հանդիպելուց, կարծիքները լսելուց, հաշվետվությունները հավաքելուց, կուսակցությունների ու մարդկանց լսելուց հետո միայն իրենք կկարողանան ամբողջական տեսքի  բերել իրենց կարծիքն ու ներառել ամբողջական զեկույցում:

«Մենք չենք պատրաստվում անձնական հանդիպումներ ունենալ քաղաքական կուսակցությունների հետ. այս պահից սկսած մենք գրավոր հաղորդակցություն ենք ունենալու այդ ուժերի հետ, նրանց ենք ուղարկելու մեր գրավոր հարցերը ու սպասելու ենք մեր կողմից տրված բոլոր հարցերի պարզաբանումներին»,- ասել է Դիքսոնը:

Հարցին՝ արդյո՞ք իրենց դիտորդները նկատել են ընտրողներին ընտրատեղամասեր բերող միկրոավտոբուսներ, բանախոսը պատասխանել է:

 

«Մեր առաքելության անդամները, որոնք այցելել են տարբեր տեղամասեր՝ նկատել են դա, ինքս նույնպես նկատել եմ դա, և այդ ուղղությամբ մեր դիտարկումները կհրապարակենք մեր համապարփակ, վերջնական զեկույցում: Ես կցանկանայի ձեզ տեղյակ պահել, որ շատ եվրոպական երկրներում տրանսպորտային միջոցների տրամադրումը ընտրատեղամաս գնացող ընտրողներին ոչ հազվադեպ հանդիպող երևույթ է: Իմ սեփական երկրում բազմաթիվ ընտրողներ կընտրեն ոչ իրենց համակիր կուսակցության կողմից առաջարկվող տրանսպորտային միջոցը՝ գնալու, քվեարկելու, որպեսզի այդ օրը կարողանան տնտեսել իրենց ռեսուրսները», – ասել է Դիքսոնը:

Ինչ վերաբերում է ընտրությունների օրը իշխանությունների կողմից վարչական ռեսուրների կիրառմանը, ապա բանախոսը շեշտել է, որ իրենց կողմից այս մասին ևս հնարավորություն կտրվի բոլոր կուսակցություններին՝ այդ մտահոգությունների հետ կապված մեկնաբանություներ տալ:

«Եթե լինեն լուսանկարչական ապացույցներ կամ միջադեպեր, դրանք նույնպես մեզ փոխանցելու հնարավորություն կունենան»,- ասել է Դիքսոնը:

Բանախոսը նաև պատասխանել է այն հարցին՝ արդյո՞ք իրենց դիտորդական առաքելություն իրականացնողները արձանագրել են  ընտրատեղամասերում և տեղամասերի բակերում խմբված ու թաղային հեղինակությունների՝ ընտրությունների ողջ ընթացքում անմիջական ու անարգել մասնակցությանը՝ նշելով, որ երևույթը նոր չէ:

«Սա նույնիսկ զարգացած եվրոպական երկրներում այնքան էլ հազվադեպ երևույթ չէ, որ այս կամ այն կուսակցության կողմնակիցները հավաքվում ու փորձում  են  այս կամ այն կերպ ուղղություն տալ: Ամենկարևորը քվերկության գաղտնիությունն է, որպեսզի քաղաքացին վստահ լինի, թե ով է կանգնած դրսում, կամ ով է ուղղորդում, նրա քվեն լինի գաղտնի ու ինքը ունենա գաղտնի քվեարկության ամբողջական հնարավորությունը», – ասել է Դիքսոնը:

Նա նաև ավելացրել  է, որ շատ երկրներ ունեն որաշակի կանոններ՝ ընտրատեղամասի բակի կամ հեռավորության վերաբերյալ, որը կոչվում է հանրային տարածք:

«Կարծում եմ, որ միգուցե ձեր ԿԸՀ-Ն ավելի լրացուցիչ մանրամասներ սահմանի հեռավորության վերաբերյալ»,- եզրափակել է բանխոսը: