«Բարև Երևան» դաշինքը դեռ չի որոշել՝ արդյոք վերցնելու է Երևանի ավագանիում ստացած իր մանդատները, թե՝ ոչ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ դաշինքում ընդգրկված «Ժառանգությունը» և դաշինքի անդամ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներն այսօր երեկոյան հանդիպում են ունենալու, որտեղ քննարկելու են երեկ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների, կեղծիքների մասին փաստերը, գնահատելու են հանձնաժողովների աշխատանքը և վերջապես որոշելու են՝ որքանով է նպատակահարմար ավագանու մանդատները վերցնելը:
Հիշեցնենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ «Բարև Երևան» դաշինքը ստացել է 35732 ձայն (8.48%) և երրորդ ուժն է, որը լինելու է ավագանիում:
ԿԸՀ-ի համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է ստացել Երևանի ավագանիում ՝55.89 % և կարող է առանց մյուս ուժերի մասնակցության քաղաքապետ ընտրել: Երկրորդ տեղում է ԲՀԿ-ն՝ 23,07%-ով: