2013 թվականի մայիսի 5-ին տեղի ունեցան ոչ թե Երևանի ավագանու ընտրություններ, այլ ընտրակռիվ, որի ժամանակ հաղթել է ՀՀԿ-ն: Վերլուծելով երեկ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները՝ Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Փորձագետը նշել է, որ նախնական արդյունքները ցույց են տալիս՝ թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն պահպանել են իրենց տեղերը Երևանի ավագանիում, «Ժառանգությունը» (ներկայացված է «Բարև Երևան» դաշինքում) ևս պահպանել է իր դիրքերը 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ Հայաստանի բնակչության գրեթե կեսը կազմող Երևանում հավաքելով 2012-ի ձայների կեսը: Բադալյանը, այսպիսով, եզրակացրել է, որ նախագահական ընտրությունների Րաֆֆի Հովհաննիսյանի ցուցանիշը իրոք իր ձայները չէին:
Փորձագետի խոսքով՝ ընտրությունները ցույց են տվել, որ քաղաքական կուսակցություններից մեծ խնդիրների առաջ է կանգնած ՀԱԿ-ը:
«ՀԱԿ-ը պարտվեց իր անգրագետ քարոզարշավի պատճառով: Այն պատճառով, որ ամբողջ կուսակցությունը քարոզչություն չէր անում և սպասում էր՝ ապրիլի 30-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պոտրոյանը ելույթ ունենա և մարդիկ նրա ելույթից ոգևորված ընտրեն ՀԱԿ-ի ցուցակը», – ասել է Բադալյանը:
Ըստ բանախոսի՝ Երևանի ավագանու ընտրությունները, ի տարբերություն փետրվարին կայացած նախագահական ընտրությունների, կանխորոշված չէին, և եթե ոչ իշխանական ուժերը ավելի շատ ձայներ հավաքեին, իրավիճակը այլ կլիներ: Բադալյանի խոսքով՝ այս անհաջողությունը վկայում է այն մասին, որ այդ ուժերը լրջագույն խնդիրներ ունեն կուսակցություն ստեղծելու և այն առաջ տանելու գործում, և դա վերաբերում է առաջին հերթին ՀԱԿ-ին:
Ընտրակեղծիքների մասին խոսելով՝ Բադալյանն ասել է, որ երեկ տեղի ունեցած ընտրություններում վճռորոշ է եղել ընտրակաշառք բաժանելը, և, ըստ էության, հաղթել է ոչ թե ՀՀԿ-ն, այլ ՀՀԿ-ի գործարար մասը, և երկորդ տեղում է ԲՀԿ-ի գործածար մասը, թեև ԲՀԿ-ին ձայն տվածների շարքում գաղափարական ընտրողները մի փոքր ավելի շատ էին:
«Ոչ իշխանական ուժերը չկարողացան բացատրել ընտրողին, որ սա քաղաքական ընտրություն է, ոչ թե Տարոն Մարգարյանի: Երկրորդ՝ նրանք նաև չկարողացան հասկանալ, որ սա ոչ թե Երևանը ՀՀԿ-ի մենաշնորհից ազատելու ընտրություն է, այլ քաղաքային ընտրություն, և չներկայացրեցին ընտրություն հին ու նոր Երևանների միջև: Կաշառք եղել է նաև նախագահական ընտրությունների ժամանակ: Եթե քարոզարշավը ճիշտ կազմակերպեին, մարդիկ փող կվերցնեին և ընդդիմադիր ուժի կընտրեին, ինչպես շատերն արել էին նախագահական ընտրությունների ժամանակ և ընտրել էին Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ասել է Բադալյանը: