«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը որևէ ակնկալիք չունի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումից: Այս մասին Զուրաբյանն ասել է այս պահին դատարանի մոտ անցկացվող ակցիայի ժամանակ:
«Ինչ ուզում են՝ թող անեն, միևնույն է՝ մենք մեր պայքարը շարունակելու ենք: Ուզում են ընտրություններ կեղծեն, ուզում են մարդկանց բանտ նստեցնեն, ոչնչով չեն կարողանա խափանել մեր ընթացքը դեպի հաղթանակ», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահը:
Քաղաքացիական ակտիվիստ Ծովինար Նազարյանը, ով դատարանի շենքի մոտ բազմաթիվ հավաքվածների հետ միասին սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը, Epress.am-ին ասել է, որ արդարադատությունը Հայաստանում ընդամենը պատժիչ մեքենա է:
«Այս դատավարությունը ոստիկանապետության դրսևորումներից է, և չի կարող ոստիկանապետությունը այսպես շարունակել: Այս տղաները պետք է ազատվեն դատարանի դահլիճից: Դրա համար ենք մենք այստեղ», – ասել է ակտիվիստը:
Ակցիայի մասնակիցներից շատերը նշում են, որ հույս չունեն, որ դատարանը արդար որոշում կկայացնի, սակայն իրենց ներկայությամբ և պայքարով նպատակ ունեն դժվարացնել իշխանությունների գործը:
«Այն որոշումը, որը կկայացնի Սերժ Սարգսյանը, կհրապարակվի այս դատավարության ավարտին: Մեր ձայնը միշտ հասանելի է իշխանություններին, բայց իշխանությունների հանցավոր բնույթը թույլ չի տալիս, որ դատարաններն արդար որոշում կայացնեն: Հենց այդ պատճառով էլ այս դատարանից որևէ ակնկալիք չկա: Մեր պայքարը ոչ թե նպատակ ունի հասցնել մեր ձայնը իշխանություններին, այլ դժվարացնել իշխանությունների կյանքը, մասնավորապես, հանցավոր գործունեությունը ծավալելու ընթացքում», – մեզ հետ զրույցում ասել է ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը: