Մայիսի 3-ին տեղեկություն է տարածվել, որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի հարևանությամբ գտնվող շինհրապարակում, գործարար Կարեն Շահմուրադյանը ծեծի է ենթարկել ՀՀ դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանին (լուսանկարում), գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Վերջինս պնդում է՝ Շահմուրադյանն իր հետ կոպիտ է խոսել, ապա թիկնապահների հետ ծեծել իրեն:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Կարեն Շահմուրադյանի հետ, ով հերքել է իր հասցեին ուղղված մեղադրանքները, ինչպես նաև Թոփալյանին անվանել է սրիկա:
Ներկայացնում ենք թերթի հարցազրույցից մի հատված.
– Թոփալյանը վստահեցնում է, որ Դուք Ձեր թիկնապահի հետ իրեն ծեծի եք ենթարկել, կապտուկներն ու վնասվածքներն առկա են: Պատճառն այն է, որ դիզայների գումարը չէք ցանկացել տալ:
– Դա աբսուրդ է, ո՞նց եք պատկերացնում, որ ճանաչված գործարարը, որը վաստակում է այդ անունը, արդյո՞ք կարող է վարձել դիզայներների, չվճարել նրանց՝ հարցը լուծելով ծեծի միջոցով: Այն, ինչ ներկայացնում են, Դուք տրամաբանակա՞ն եք համարում, հա՞: Այդպիսի բան չի կարող լինել, և հետո, հո մենք նախնադարու՞մ չենք ապրում: Ծեծով հարց չես լուծի: Ես ոչ մեկին ոչ մի անգամ թիկնապահներով ծեծի չեմ ենթարկել ու մանկլավիկներ էլ չունեմ: Ունեմ ընդամենը մեկ վարորդ:
– Բա լուսանկարնե՞րը, ի՞նքն է իրեն ծեծել:
– Իրականում այս գործը քննվում է իրավապահների կողմից, և, բնականաբար, ինչ էլ Ձեզ ասեմ, մեկ է՝ մեր երկրում ընդունված է, եթե մեկը գործարար է, մեկը՝ ոչ, ապա գործարարը պետք է վատը լինի: Հավատացե՛ք՝ ես եմ տուժողը: Մնացածը քննությունը կպարզի:
– Բայց գործարարներից շատերը հենց ծեծով են հարց լուծում: Միգուցե դուք խնդիրը ներկայացնեք և այդպես կարողանաք ապացուցել, որ ծեծող գործարարներից չեք:
– Ես այդ մարդուն ամբողջովին վճարել եմ իր գումարը, նա սրիկա է: Նույնիսկ դատի եմ տվել նրան:
– Ինչի՞ համար:
– Ինքը ստացել է գումարներ և իր աշխատանքը չի կատարել ու չի կատարում: Ներկա պահին դատական պրոցես է գնում:
– Լավ, ի վերջո, ի՞նչ է եղել այդ օրը:
– Այդ մարդը լուրջ դատական պրոցեսների մեջ է, և ըստ պայմանագրի իրեն վճարած գումարների դիմաց իր աշխատանքը չի կատարել: Հասկանալով գլխի գալիքը՝ ինձ պրովոկացիայի ենթարկեց: Մի քանի անգամ հարվածեց, որպեսզի կարողանա իմ կողմից մի հարված ստանալ ու փախչել ոստիկանություն: Սա էր ողջ պատմությունը: Ես ավել ոչինչ չեմ ասի, թող քննությունը պարզի:
Լուսանկարը՝ 1in.am-ի