Չեչեն վարձկանները Ղարաբաղում հայերի կողմից չեն կռվել: Այս մասին հայտնում ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ արձագանքելով News.am-ի հարցմանը, թե Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը livejournal-ի իր բլոգում, պատասխանելով eMedia.am-ի կողմից տրված հարցին, հայտարարել էր, որ չեչեն վարձկանները Լեռնային Ղարաբաղում կռվել են երկու կողմերի զինված ուժերի կազմում:
«Ի տարբերություն Ադրբեջանի` ԼՂՀ կողմից այլ ազգության վարձկաններ երբեք չեն կռվել: Ընդհակառակը, հենց Ադրբեջանի իշխանություններն են Արցախի դեմ լայնածավալ պատերազմ սանձազերծելով, օգտագործել վարձկաններ՝ ղարաբաղցի հայերի ռազմական ոգին կոտրելու համար: Բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ 1992-1993 թվականներին ղարաբաղյան բանակի դեմ կռվել են մինչև երեք հազար աֆղան մոջահեդ և չեչենական ջոկատներ՝ Շամիլ Բասաևի գլխավորությամբ: 1992 թվականի հուլիսի սկզբին Լեռնային Ղարաբաղում արդեն հաշվվում էր մոտ 300 չեչեն վարձկան:
1993 թ. հուլիսին «Չեչեն պրես» գործակալությունը հաղորդել է Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում չեչենների մասնակցության մասին, ինչը հաստատվել է նրանց շրջանում գրանցված առաջին զոհերով: Զգալի կորուստներ կրելով՝ չեչենական ջոկատները շատ չանչած լքել են ռազմական գործողությունների ղարաբաղյան թատերաբեմը:
2000 թվականին ինքը՝ Բասաևը, հարցազրույց է տվել ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը, որում խոստովանել է ղարաբաղյան պատերազմում իր մասնակցությունը. «Մենք եկել ենք Ղարաբաղի համար պայքարել ոչ թե հանուն ռազմավարի, այլ հանուն ջիհադի գաղափարի»: Սակայն, ինչպես պատմում էր Բասաևը, «տեղ հասնելով և իրավիճակին ծանոթանալով՝ մենք հասկացանք, որ այստեղ ջիհադի նշույլ անգամ չկա»:
«Financial Times» պարբերականը 2002 թվականին գրել է, որ, ըստ իր տվյալների, Լեռնային Ղարաբաղում կռվել է նաև դաշտային հրամանատար Հաթաբը», – ասված է ԼՂՀ ԱՆԳ հաղորդագրության մեջ: