Home / Հայաստան / «100-ից 200 հազար». ազատամարտիկները կառավարությանը պահանջագիր հանձնեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«100-ից 200 հազար». ազատամարտիկները կառավարությանը պահանջագիր հանձնեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազատամարտիկները հարստանալ, հարստություն կուտակել չեն ուզում, նրանց  նորմալ ապրել է պետք, որպեսզի կարողանան նվիրված ծառայել իրենց հայրենիքին ու չհեռանան այստեղից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով մի քանի տասնյակ ազատամարտիկների հետ Ազատության հրապարակից երթով գնացել է  ՀՀ կառավարության շենք:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ավետիսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, թե  ՀՀ կառավարությունը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջները, անտեսում է ազատամարտիկների, զինծառայողների և նրանց ընտանքիների անդամների սոցիալական իրավունքները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը հատուկ քաղաքականություն է իրականացնում զինծառայողներին հնարավորինս ցածր կենսաթոշակ վճարելու նպատակով:

Այսօր Ավետիսյանը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարությունից պահանջում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան արմատապես վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները, վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը,ըստ այդմ կատարել վերահաշվարկ և փոխհատուցել ազատամարտիկներին ու կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին:

Հայտարարությունում Ավետիսյանը նշել էր, որ նշված պահանջների կատարմանը հասնելու նպատակով 2013 թվականի  մայիսի 11-ից, ժամը 10:00-ից նստացույցի դրմելու ու կոչ էր արել ազատամարտիկներին, կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև այս հարցով մտահոգ ՀՀ այլ քաղաքացիներին միանալ իրեն ու մասնակցել պայքարին:

Հայտարարությունից հետո Ավետիսյանին են միացել մի քանի տասնյակ ազատամարտիկներ՝ Երևանից և հանրապետության տարբեր մարզերից:

Ազատամարտիկներն  իրենց պահանջները նամակի տեսքով այսօր հանձնել են կառավարությանը:

«Նամակի պատասխանը կստանանք, կտեսնենք, եթե մեզ կբավարարի, ավելի լավ: Մենք օրենքի մարդիկ ենք ու շարժվում ենք օրենքով: Այսօր կվերադառնանք Ազատության հրապարակ ու մինչև վաղը՝ առավոտյան ժամը 12-ը կլինենք այնտեղ: Այնուհետ կդադարեցնենք նստացույցը ու կսպասենք կառավարության պատասխանին: Եթե խնդիրը չլուծվի ու պահանջները չբավարարվեն, պատրաստ ենք շարունակել նստացույցը. այս անգամ նստացույցի տեղը կփոխենք՝ ավելի մոտիկ կգնանք վերևներին՝ մոտավորապես այն կշարունակենք ՀՀ սրտում», -ասել է գնդապետը՝ հավելելով, որ հաջորդ նստացույցի վայրը գաղտնիք է:

Ավետիսյանը նաև ասել է, որ իրենց հիմնական պահանջներից կենսաթոշակները բարձրացրելն է՝ դարձնելով 100 հազարից 200 հազար դրամ՝ ըստ կարգի: Այժմ ազատամարտիկների հիմնական մասը ստանում է 100 հազարից պակաս կենսաթոշակ:

Լուսանկարում ձախից՝ Վոլոդյա Ավետիսյանն է