Երեկվանից պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի հետ այսօր կմասնակցի Գագիկ Ծառուկյանի փողերով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը, որից հետո, կրկին Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ կգնա բացելու «Փարավոն» համալիրն ու այնտեղ կըմբոշխնի իր պատվին տրվող պաշտոնական ընթրիքը: Այս մասին իր այսօրվա առաջնորդողում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ այդ առնչությամբ այսօրվա օրն որակելով «պատմական, նշանակալից, շրջադարձային»:
«Այլ պայմաններում, այլ հանգամանքներում, այլ գործող անձանց պարագայում այս իրադարձությունը հնարավոր չէր լինի համարել պատմական, աոավել ևս շրջադարձային: Բայց սա այդ դեպքը չէ: Խնդիրն այն է, որ մեկ այլ երկրի նախագահ պաշտոնական այցով գալիս է Հայաստան, ու նրան ուղեկցող Սերժ Սարգսյանի հետ գնում բացելու ընդդիմության ապագա առաջնորդին պատկանող կազինոն: Ու այսքանը դեռ բավարար չէ, այդ կազինոն ամենամեծն է Հայաստանում: Ուրեմն ինչն է այստեղ «պատմականն» ու «շրջադարձայինը»: Երբևէ որևէ մեկը կպատկերացնե՞ր, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդը կարող է ունենալ խիստ եկամտաբեր բիզնեսներ, այդ թվում նաև կազինոներ: Երբևէ որևէ մեկը կմտածե՞ր, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդին կարող է պատկանել երկրի ամենամեծ կազինոն: Երբևէ որևէ մեկը կպատկերացնե՞ր, որ ընդդիմության առաջնորդին պատկանող ամենամեծ կազինոյի բացման արարողությանը կմասնակցեր Սերժ Սարգսյանը մեկ այլ երկրի նախագահի հետ: Այսքանից հետո պարզ է չէ՞, որ տեղի ունենալիք արարողությունը պատմական է ու շրջադարձային: Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն: Ընդդիմությունը այլևս չի հալածվում, չի ունեզրկվում, չի հոշոտվում, բանտերում չի հայտնվում, հարկայինի ասպատակություններին չի ենթարկվում… այլ իրեն պատկանող կազինոներում պաշտոնական ընթրիքներ է կազմակերպում այլ երկրների նախագահների համար, որոնց մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը», – մասնավորապես, գրել է թերթը:
«ՀԺ»-ն ընդգծում է, որ Հայաստանում երբևէ «նման ընդդիմություն և ընդդիմության առաջնորդ չի եղել՝ այդքան գաղափարական, այդքան սկզբունքային, այդքան համարձակ»:
«Կարելի է չկասկածել, որ Գագիկ Ծաոուկյանը կարդարացնի բոլոր նրանց սպասելիքները, ովքեր մեծ հույսեր են կապում նրա՝ ընդդիմադիր գործունեության հետ: Ընդամենը ավելացնենք, որ Ծառուկյանի կազինոյում տրվելիք պաշտոնական ընթրիքին կմասնակցի նաև Ռոբերտ Քոչարյանը», – հավելում է թերթը:
Նշենք, որ այսօր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը հրավիրվել է նաև ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հրավերը ստանալու փաստը հաստատել է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ով չի մեկնաբանել ՀՀ առաջին նախագահի մասնակցության հնարավորությունը: