Գազի գնի բարձրացումը կհանգեցնի «Կոկա-կոլա»-ի կողմից Հայաստանում արտադրվող ըմպելիքների ինքնարժեքի մինչև 1% բարձրացմանը, ինչը, սակայն չի անդրադառնա ապրանքների գնի վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է «Կոկա-կոլա» ընկերության տնօրեն Գագիկ Դանիելյանը:
Վերջինիս խոսքով՝ գազավորված ըմպելիքի արտադրության համար իրենք ներկրում են գրեթե ամեն ինչ՝ շաքարավազը, հումքը, ապակյա շշերը:
Տնօրենի խոսքով՝ իրենք պատրաստ են շաքարավազը և շշերը գնել տեղական արտադրողից, եթե նրանք առաջարկեն լավորակ ապրանք հարմար գներով, ինչը առայժմ չի արվում:
Դանիելյանն ասել է նաև, որ իրենց արտադրության ծավալները աճում են և այս տարի նախատեսում են Հայաստանում վաճառել 40 միլիոն լիտր զովացուցիչ ըմպելիքներ: