Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանն ամեն ինչ իր ձեռքն է վերցրել, և այսօր Հայաստանը չի կարող դիմակայել անգամ գազի գնի բարձրացմանը, որի վտանգը ոչ միայն արտագաղթն է, այլև երկրի կորուստը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում կայացած հավաքի ժամանակ հայտարարել է «Նախախորհրդարան» միավորման անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը: Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ այսօր պետական շահը զոհաբերվել է անձնականին:
«Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել համակարգային փոփոխության: Մեզ պետք է նոր երկրի նոր նախագիծ», – ասել է Հակոբյանը՝ նշելով, որ «Նախախորհրդարանն» իր առջև դրել է նոր ծրագիր ստեղծելու խնդիրը:
Միավորման համակարգող Գարեգին Չուգասզյանն էլ ասել է, որ յուրաքանչյուր երկիր, որն անցներ այն ճանապարհը, որով վորջին տարիներին անցել է Հայաստանը, պետք է ունենար նոր քաղաքական համակարգ:
«Չկան անհնար վիճակներ: Ընդդիմություն ասածն այսօր կյանքն է, ժողովուրդն է: Քաղաքական նորացման խնդիրը շարունակում է մնալ օրակարգում է» – ասել է Չուգասզյանը:
Նրա խոսքով՝ «Նախախորհդարանը» կանխատեսում էր, որ ընտրություններից հետո երկիրը հայտնվելու է այս վիճակում և առաջ էր քաշել իր ծրագիրը:
Ըստ Չուգասզյանի՝ առաջին պայմանը, որը պետք է իրականացվի, քաղաքացիների ուղղակի մասնակցությունն է քաղաքական կյանքին և դիմադրության լայն ցանցի ստեղծումը:
«Նախախորհրադանի» ներկայացուցիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն իր ելույթում նշել է, որ եթե որևէ երկրից 20 տարվա ընթացքում պակասել է բնակչության կեսը, ուրեմն այդ երկրի դեմ պատերազմ է մղվում:
«Մեզ պատերազմ է հայտարարված, մեր երկիրն օկուպացված է: Եթե օկուպանտները խոսում են հայկական բարբառներով կամ քյարթու, դա չի նշանակում, որ իրենք ազգի դավաճան չեն, որովհետև մեր երկիրը կորցրել է բնակչության 50 տոկոսը, երկիրն արյունահոսում է: Երբ մեզ հաջողվում է ընդունված միջոցներով, ընտրություններով հասնել բեկումային պահին, փորձել կանգնեցնել դա, մեզ վրա կրակում են, մահակներ են բարձրացնում», – ասել է Խզմալյանը:
Նրա խոսքով՝ «Նախախորհրդարանը կուսակցություն չէ, որովհետև կուսակցությունները պառակտում են երկիրը:
«Մենք վերկուսակցական ենք: Մենք ստեղծելու ենք իշխանություն: Այլևս ոչ մի կուսակցություն, ոչ մի քաղաքական առաջնորդ», – ասել է Խզմալյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա խնդիրն անգամ գազի գինը չէ, այլ համակարհգն է:
«Մեզ պահում են կիսաազատ, կիսասոված, կիսաժողովրդավար: Չի լինում կիսաազատ, ինչպես կիսահղի չի լինում», – ասել է նա:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ, ներկայացնելով միավորման ծրագրի առաջնայնությունները, ասել է, որ առաջին հերթին հարկավոր է ինքնակազմակերպվել.
«Մենք նման ենք պահեստային գծերում կանգնած շոգեքարշի, որը հզոր է, բայց կանգնած է: Պետք է վերցնենք ղեկը մեր ձեռքը և տեսնենք՝ մեզանից ինչ է կախված: Առաջին քայլը ինքնակազմակերպումն է»:
Նրա խոսքով՝ երկրորդ քայլը զուգահեռ կառույցներ ստեղծելն է, և «դուբլյորի» դերում պիտի լինի ժողովուրդը, որը հետագայում պետք է դուրս գա առաջին գիծ:
Հաջորդ կարևոր քայլը, ըստ Մեսրոբյանի, բուն ընտրությունների ընթացքն է:
«Ի՞նչ ցույց տվեցին այս փառապանծ չընտրություները: Գցում ես թուղթ, երեկոյան թիվ են հայտարարում ու ասում՝ լոխ լավ ա: Հիմա այդպես չի լինելու: Յուրաքանչյուրս ստորագրելու ենք պայմանագիր, որի մեկ օրինակը լինելու է յուրաքանչյուր հայի ձեռքում: Ի՞նչ պատասխանատվություն է կրելու այն անձը, որը հավակնում է կառավարել Հայաստանը: Եվ դա կլինի թուղթ ամեն մեկի ձեռքին: Եվ այդ ժամանակ ես կիմանամ՝ ով է ինձ տանում, ինչը չի կատարել և ինչ պիտի անեմ իր հետ: Պետք է լինի հետադարձ կապ, հսկողություն: Ժողովուրդն իրավունք ունի որոշել՝ պետք է իրեն տվյալ իշխանությունը, թե ոչ: Թիվ հայտարարողները չեն որոշում՝ ով է հաղթել, – հայտարարել է Մեսրոբյանը:
Հանրահավաքը վարող Վարդան Հակոբյանը հիշեցրել է, որ 2 տարի անց նշվելու է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, որից առաջ հարկավոր է հասնել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Հակոբյանի խոսքով՝ իշխանություններին դա դժվար է անել, քանի որ միջազգային հանրությունը կարող է ասել՝ «գնա քո սպիտակ ցեղասպանությունը ճանաչի, հետո նոր պահանջի Հայոց ցեղասպանոթյան միջազգային ճանաչում»:
Շուշիի առաձնակի գումարտակի հրամանատար, Արցախյան պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ ռեժիմը կարողանում է պահպանել դիրքերը ոչ թե նրա համար, որ ուժեղ է, այլ այն պատճառով, որ ընդդիմությունը սխալ է գործել:
Նա նշել է, որ «Նախախորհրդարանը» հստակ ծրագիր ունի, սակայն այն կմնա թղթի վրա, եթե չհաջողվի կառուցել ցանցային կառույց, եթե իրենք չունենան աջակիցներ, որոնք հստակ գործառույթներ կիրականացնեն:
«Տեղերում ստեղծելու ենք համակարգող մարմիններ: Պետք չէ սպասել մեզ: Տեղերում ինքնակազմակերպվեք կամ կապ հաստատեք մեզ հետ: Նման գործընթաց պետք է իրականացվի նաև Սփյուռքում», – ասել է Սեֆիլյանը և հիշատակել «Հայկական Վերածնունդ» միավորումների ստեղծման մասին:
«Արցախյան պատերազմի ընթացքում ամբողջ ժողովուրդը չէր գտնվում առաջին գծում, այլ առաջամարտիկները, այսօր էլ, ովքեր պատրսաստ են լինել առաջամարտիկ ու պատրաստ են հանուն ընդհանուրի զոհաբերել իրենց, թող միանան մեզ», – ասել է «Նախախորհրդարանի» անդամը:
Նա պարզաբանել է, որ, ինքնակազմակերպում ասելով, նկատի ունի տարբեր քաղաքացիական խմբերի ինքնաբուխ շարժումներ, ակցիաներ, որոնք ազնիվ նպատակներ են հետապնդում:
«Պետք է համագործակցության ձևեր գտնել: Գիտենք, թե ինչ ինֆորմացիոն շրջափակման մեջ ենք: Պետք է մեկս մյուսների հավաքների, ակցիաների մասնակցենք, որպեսզի իրազեկված լինենք», – ասել է Սեֆիլյանը:
Նա հայտարարել է, որ «Նախախորհրդարանն» իր հաջորդ հանրահավաքն անցկացնելու է հուլիսի 12-ին, իսկ մինչ այդ 2 շաբաթը մեկ՝ ուրբաթ օրերին, հանդիպումներ է անցկացնելու Ազատության հրապարակում, որոնց ժամանակ քննարկվելու է «Ճանապարհային քարտեզը», լսելու են ժողովրդի առաջարկները: Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 31-ին: