2013թ. մայիսի 15-ին նախորդ ամսին Պուշկինի դպրոցից հեռացված շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանը ստացել իր` ՀՀ աշխատանքի պետական տեսչության ուղղված վարչական վարույթ հարուցելու և իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին դիմումի հիման վրա պատրաստված պատասխան գրությունը:
ԶԼՄ-ներին տարածած հայտարարության մեջ Վարզադատյանն իր դժգոհությունն է հայտնում Աշխատանքի պետական տեսչության գրության առթիվ.
«Աշխատանքի պետական տեսչության արձանագրության մեջ Վարազդատյան ազգանունը գրվել է հետևյալ կերպ` Վարազդաթիան: Աշխատանքի պետական տեսչության գրության մեջ միայն ներկայացված են փաստերը և տեսչության կողմից վարչական վարույթի շրջանակներում բացահայտված ակնհայտ խախտումները, որոնք թույլ են տրվել դպրոցի տնօրենի կողմից: Գրությունը որևէ ձևով չի պատճառաբանվել, նրանից իսպառ բացակայում է պատճառաբանական մասը:
Դիմումի վերաբերյալ իրականացված վարչական վարույթի շրջանակներում ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը որոշում կայացնելու փոխարեն պատասխանել է գրությամբ, որն ըստ էության չի համարվում որոշում` այնինչ տեսչությունը օրենքով սահմանված կարգով պարտավոր էր կայացնել որոշում, որով վարչական պատասխանատվության կենթարկվեր Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենին` ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 169 հոդվածի խախտման հիմքով:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ՀՀ ԱՊՏ-ն, շեղվելով ներկայացված դիմումի բովանդակությունից, հարկ է համարել կողմին տեղեկացնել այն մասին, որ աշխատանքային իրավունքի պաշտպանությունն իրականացվում է դատական կարգով և գործատուի կողմից ընդունված իրավական ակտերը կարող է անվավեր ճանաչվել դատական կարգով», – նշում է Վարզադատյանը:
Վերջինս անդրադարձել է նաև տեսչության կողմից Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենին տրված հանձնարարականին՝ նշելով, որ տեսչությունը տվել է ընդհանուր բնույթի հանձնարականներ, այն է՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության խախտումները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, աշխատողներին սահմանված կարգով ծանուցել կազմակերպության ներքին իրավական ակտերի մասին, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերը համապատասխանեցնել աշխատանքային օրենսգրքի դրույթներին:
«Այսինքն վերը նշվածից կարելի է փաստել, որ ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը այս հանձնարարականները տալիս շեղվել է ներկայացված դիմումի բովանդակությունից և պահանջից` սրբագրելով Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենի անօրինական գործողությունները:
Մնում է միայն կրկեսի բացումը հնարավորինս շուտ լինի, որպեսզի մի շարք «կլոուններ» աշխատեն իրենց համապատասխան վայրերում…», – եզրափակում է Վարզադատյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Նարեկ Վարազդատյանն ասել էր, որ իր ազատման պատճառը ֆեյսբուքյան գրառումն էր:
«Իմ էջում արել եմ հետևյալ գրառումը՝ «Ես երդվել եմ, որ ՀՀ չորրորդ նախագահ եմ ճանաչում Րաֆֆի Հովհաննիսյանին, ինձ համար օրենք չէ Սերժ Սարգսյանի ընդունած որևէ որոշում: Բացել են, կարդացել են ու, դա հիմք ընդունելով, ինձ ազատել են աշխատանքից», – նշել է Վարազդատյանը:
Նա նաև ընդգծել էր, որ իր ընդդիմադիր հայացքների մասին դպրոցում տեղյակ են եղել հենց սկզբից:
«Ապրիլի 8-ին աշխատել եմ, 9-ին, բանկանաբար, մասնակցել եմ ՀՀ չորրորդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը, 10-ին դպրոց չեմ գնացել, ամսին 9-ի թույտվությունը ինձ տվել է ուսմասվարը, ասել է՝ «հարց չկա, կարող ես գնալ», 10-ի բացակայությունս անհարգելի է եղել, որովհետև նախորդ օրը ինձ շատ լավ ծեծել էին ու ես ի վիճակի չէի վեր կենալ ու գնալ դպրոց: Ամսի 11-ին տնօրենն իմ ազատման հրաման է տալիս: Չկա որևէ իրավական հիմք՝ ինձ աշխատանքից ազատելու համար: Նախ՝ 1 օր անհարգելի բացակայության դեպքում ինքը իրավունք չունի ինձազատել աշխատանքից, 2-րդը՝ առանց խիստ նկատողության ընդհանրապես իրավունք չունի ազատել, մի խոսքով խախտված են մի շարք օրենքներ»:
Քաղաքապետարանը ներկայացրել էր տեղի ունեցածի իր վարկածը: