Հայաստանում ոչ մի քաղբանտարկյալ չի լինելու ու ոչ մի իշխանություն չի կարող այդ սկզբունքից հետ կանգնեցնել դրա համար պայքարող մարդկանց: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ՀՀ գլխավոր դատախազության մոտ ՀԱԿ ակտիվիստների համար անցկացվող հերթական ակցիայի ժամանակ:
Հիշեցնենք, որ ՀԱԿ համակիրները դատախազության մոտ հավաքվում են ամեն ուրբաթ՝ պահանջելով ազատ արձակել Տիգրան Առաքելյանին ու արդարացնել Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին, ովքեր 2-6 տարվա ազատազրկման են դատապարտվել:
«Մայիսի 8-ի Վճռաբեկ դատարանի որոշումը համարում եմ կես քայլ առաջընթաց, թեպետ դրանով իշխանությունը երկարաձգեց Տիգրանին բանտում պահելու ժամկետը, այնուամենայնիվ, որոշումը՝ գործը հետ վերադարձնել Վերաքննիչ դատարան, նշանակում է, որ ինչ-որ բան ճիշտ չի արվել 2-րդ ատյանի դատարանում: Եթե իշխանությունն արձանագրում է, որ 1-ին և 2-րդ ատյանի դատարանները սխալ են արել ու այնտեղ փոխելու բան կա, ապա դա համարում եմ առաջընթաց: Հույս ունեմ, որ այդ խոհեմությունը կշարունակվի ու շատ շուտով, սա իմ կարծիքն է, մոտավորապես, օգոստոս ամսին մենք քաղբանտարկյալ չենք ունենա», -հայտարարել է Մանուկյանը:
Նա դիմել է իշխանություններին խոհեմություն ու ողջամտություն հանդես բերելու կոչով:
«Ունենալով քաղբանտարկյալ՝ միջազգային կառույցներում վնասվում է Հայաստանի վարկը: Այս երևույթը ամոթալի է և հայ ազգը իրավունք չունի քաղբանտարկյալ ունենալ: Հայ ազգի ցանկացած իշխանություն, որքան էլ իշխանությունը ռեժիմ լինի՝ հետամնաց, անգրագետ, այնուամենայնիվ, հայը հային չպետք է դատի միայն նրա համար, որ հայը կարծիք է հայտնում, սա մեր սկզբունքն է, ու մենք շարունակելու ենք պայքարը», – եզրափակել է Մանուկյանը: