հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Կայծը չվերածվեց հրդեհի». ակտիվիստները դժգոհ են իրենց ակցիայից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

«Կայծը չվերածվեց հրդեհի». ակտիվիստները դժգոհ են իրենց ակցիայից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Կեսօրից անցկացվող ակցիան, որը կազմակերպվել էր հայկական բանակում սպանությունների դեմ և որի պատճառ էր հանդիսացել մայիսի 15-ին սպանված Լյուքս Ստեփանյանի դեպքը, ավարտվեց ակտիվիստների կողմից անցկացված քննարկմամբ:

Ցուցարարները հավաքվեցին կառավարության հիմնական մուտքի մոտ՝ ամփոփելու այսօրվա ակցիայի արդյունքները և որոշելու հետագա անելիքները: Հիմնական հարցն էր «ինչպե՞ս վարչապետին հաջողվեց ճողոպրել»: Բացասական կարծիքներ հնչեցին, մասնավորապես, այն մասին, որ հետնամուտքի մոտ հավաքվածները օրհներգով էին ճանապարհել այդ կողմից դուրս եկած ավտոմեքենաները, այլ ոչ թե փակել դրանց ճանապարհը: Մի քանի ակտիվիստներ կարծիք են հայտնել, որ դա չափազանց էմոցիոնալ և անարդյունավետ քայլ է:

Ակտիվիստ Եղիա Ներսիսյանը,  Epress.am-ի հետ զրույցում անդրադարնալով այլոց դժգոհությանը, ասել է, որ իրենք չէին կարող փակել ճանապարհը, քանի որ ոստիկանները մի քանի անգամ տապալել են իրենց փորձերը նստել հետնամուտքի դիմաց՝ գրկելով և հեռացնելով այդ հատվածից: Մեր զրուցակիցն ասել է, որ իրենք ակնկալում էին, թե, ազգային օրհներգը լսելով, վարչապետը պետք է կանգներ և լսեր քաղաքացիներին:

Քննարկման ընթացքում ակտիվիստ Վարդգես Գասպարին կարծիք է հայտնել, որ ակցիան համարժեք չէր տեղի ունեցածին, որովհետև սպանված զինծառայողի ծնողները դուրս են եկել իրենց բողոքն արտահայտելու, բայց նրանց դեմը փակեցին զենքով-զրահով:

«Նույնիսկ մենք այստեղ չկարողացանք մեր բողոքն արտահայտել: Իմ առաջարկությունը հետևյալն է՝ մենք պետք է փակեինք կառավարության շենքը մեր մարմնով: Այն մարդիկ, որոնք պատասխանատու են մեր հայրենակցին սպանելու համար, թող անցնեն նաև մեր մարմնի վրայով: Եթե դրան էլ կգնային, թող վրաերթի ենթարկեին», – ասել է Գասպարին:

Ծովինար Նազարյանն առաջարկել է թիրախավորել պայքարը՝ ասելով, որ հարցը համակարգային է և այն պետք է դիտարկել արդարադատության տեսակետից: Նա առաջարկել է ակցիաներն անցկացնել դատախազության շենքի կամ նախագահի նստավայրի դիմաց:

Կարեն Հարությունյանն առաջարկել է ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հասարակական  ընդվզումը կանխելու համար գործի է դրվել բանակը: Նշենք, որ ցերեկը զոհված զինվորի հարազատների ճանապարհը փակել էին ոստիկանության և ԶՈՒ ստորաբաժանումները:

Ակցիան ամփոփել է Արգիշտի Կիվիրյանը. «Հայաստանում առկա է դժգոհություն, և դրա ալիքը գնալով աճում է, բայց, ցավոք, տեղի չի ունենում այդ պայթյունը: Այսօր եղավ կայծ, դա այն էր, որ զոհվածի ծնողները նրա դիակով գալիս էին Երևան: Հասարակությունը, ցավոք սրտի, չկարողացավ օգտագործել այդ պահը, այսինքն՝ կայծը չվերածվեց հրդեհի, և այդ հրդեհը ամեն ինչ չդրեց իր տեղը: Հավաքվեցինք՝ փոքր թվով մարդիկ, և փորձեցինք ինքնակազմակերպվել, փակել մուտքերը, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանին հաջողվեց պլստալ: Թե հաջորդ անգամ կայծը կվերածվի հրդեհի, դա ցույց կտա հաջորդ իրավիճակը»: