Home / Հայաստան / Հարազատները զոհված զինվորի դին գյուղ տարան. Սեյրան Օհանյանը նրանց հետ գնաց (թարմացվում է)

Հարազատները զոհված զինվորի դին գյուղ տարան. Սեյրան Օհանյանը նրանց հետ գնաց (թարմացվում է)

14:35 Սեյրան Օհանյանը ծնողների հետ զրույցի ընթացքում խոստացել է, որ բոլոր մեղավորները պատժվելու են՝ սկսած հրամանատարներից: Վրդովված հայրը նշել է, որ իրենց պահանջն է «մեղավորներին բերել հրապարակ ու գյուլել»: Նա շարունակել է պնդել, որ իրենք չեն վերադառնալու գյուղ: Լյուքս Ստեփանյանի հարազատներից մի երիտասարդ հարցրել է Սեյրան Օհանյանին՝ արդյոք նախարարը կարող է իր ցավը կիսել: Նա պնդել է, որ եթե մեղավորները չպատժվեն, ապա իրենք հարցը կլուծեն «իրենց ձևով»:

Զրույցին մասնակցել է նաև Խաչպար գյուղի գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը, ով խնդրել է զոհված զինվորի ծնողներին վերադառնալ գյուղ, դիակը հանձնել հողին և նոր միայն մտածել վրեժի մասին: Նշենք, որ Լյուքս Ստեփանյանը թեև ծնունդով Վերին Գետաշենից էր, սակայն վերջին տարիներին բնակվել է Մասիսի Խաչպար գյուղում, այդ իսկ պատճառով Մարտիրոսյանը նույնպես մասնակցում էր զրույցին:

Մոտ 40 րոպե տևած բանակցություններին հետո, լսելով Մարտիրոսյանի հորդորները, զոհված զինվորի բարեկամները որոշել են այնուամենայնիվ վերադառնալ գյուղ ու դին հանձնել հողին: Նախարարը նրանց հետ մեկնել է գյուղ: 14:35-ի սահմաններում մեքենաները շարժվել են դեպի Վերին Գետաշեն:

Քիչ անց Epress.am-ը դեպքի վայրից տեսանյութ և լուսանկարներ կներկայացնի:

13.50 Այս պահին Սեյրան Օհանյանը զրուցում է զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների հետ, ովքեր պնդում են, որ իրենց որդուն դիտավորյալ սպանել են: Զինվորի հայրը, նախարարին մի շարք հարցեր է ուղղել՝ պահանջելով ներկայացնել, թե ինչ պայմաններում է զոհվել որդին: Սեյրան Օհանյանը միայն ասել է, որ խոնարհվում է զոհված զինծառայողների ծնողների առջև, և խոստացել է բացահայտել դեպքը:

Նա առաջարկել է հարցերն ուղղել զինդատախազին, սակայն ծնողները չեն համաձայնում, պատասխան են պահանջում անձամբ նախարարից:

Նշենք, որ ծնողները, այնուամենայնիվ, մտադիր են շարունակել ճանապարհը դեպի Երևան:

13.35 Ինչպես հայտնում է Epress.am-ի թղթակիցը, այս պահին Սևան-Երևան մայրուղու ՃՈ հենակետի մոտ լարված իրավիճակ է: Մոտ 7-8 տասնյակի հասնող ոստիկաններ, ինչպես նաև ՊՆ ներկայացուցիչներ փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս մոտենալ դագաղը տեղափոխող մեքենայի մոտ: ՊՆ ներկայացուցիչներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ իրենք ունեն հրաման՝ ոչ ոքի մեքենայի մոտ չթողնելու: Ոստիկաններ հրաժարվում են պատասխանել լրագրողների այլ հարցերի: Նշենք, որ այս պահին դեպքի վայրում են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

12.35 Այս պահին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ, հանդիպելու նրանց հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Epress.am-ի հարցին՝ ինչու է նման որոշում կայացրել, Հովհաննիսյանն ասել է. «Իրենք ուզո՞ւմ էին նախարարին հանդիպել, հիմա նախարարն է գնում իրենց հանդիպելու»:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի, մի քանի օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհվել է Մարտունու Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994-ին ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանը: Նրա հայրը այժմ որդու դին դագաղով բերում է Երևան:

12.18 Պաշտպանության նախարարության և ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները փորձում են փակել զոհված զինծառայողի ծնողների մեքենան, որով Երևան են բերում մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում զոհված Լյուքս Ստեփանյանի դին:

Զինվորի հորեղբայր Աշոտ Ստեփանյանը News.am-ին հայտնել է, որ բազմաթիվ զինվորական մեքենաներով փորձում են ճանապարհը փակել, բայց իրենց հաջողվել է մանևրել և շարունակել ճանապարհը: Նրանք այս պահին գտնվում են Գավառի ճանապարհին:

Այսօր՝ մայիսի 18-ին, Մարտունիի Վերին Գետաշեն գյուղում պետք է լիներ զինվորի հուղարկավորությունը, սակայն ծնողները ՊՆ անտարբերությունից ու ընդհանրապես որդու սպանության պատճառները իրենց հայտնելուց վրդովված` դին բերում են Հանրապետության հրապարակ՝ ի նշան բողոքի:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ժամկետային զինծառայող Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել էր ծառայակիցների վրա, որի հետևանքով պահակախմբում ընդգրկված շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: