Սևան-Երևան մայրուղու վրա՝ Գեղարքունիքի մարզի սահմանագծի մոտ, այսօր առավոտից արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Մայրուղին փակել էին ոստիկանական և բանակային զորքերը, քանի որ մայիսի 15-ին բանակում սպանված շարքային Լյուքս Ստեփանյանի ծնողներն ու հարազատները, դին հողին հանձնելու փոխարեն, որոշել էին այն տեղափոխել Երևան ու դագաղը դնել Հանրապետության հրապարակում՝ ի նշան բողոքի:
Ծնողները պահանջում էին արդար քննություն ու բոլոր մեղավորների պատիժ. նրանք պնդում են, որ տեղի է ունեցել դիտավորյալ սպանություն: Ծնողները նաև դժգոհում էին, որ իրենց որդու մահվան մասին հայտնել են մոտ 9 ժամ անց՝ դա որակելով որպես ՊՆ-ի անտարբերության դրսևորում:
Սեյրան Օհանյանի հետ մոտ 1 ժամ տևած զրույցից հետո ծնողները որոշել են վերադառնալ գյուղ և հուղարկավորել զինվորին: Սեյրան Օհանյանը գյուղ է գնացել նրանց հետ և մասնակցել թաղմանը:
Լուսանկարները՝ Լուսինե Խաչատրյանի