16:25 Գյուղնախարար Սերգո Կարապետյանը և Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը երկար բանակցություններից հետո համոզեցին գյուղացիներին սպասել մինչև հինգշաբթի: Պաշտոնյաներն այդ օրը խոստացել են տալ գյուղացիներին հետաքրքրող հարցերի պատասխանները: Հիշեցնենք, որ կարկուտից իրենց ողջ բերքը կորցրած գյուղացիները ֆինանսական փոխհատուցում են պահանջում: Գյուղնախարարը հայտարարել է, որ հատուկ հանձնաժողով կստեղծվի, որում կընդգրկվեն նաև գյուղացիների ներկայացուցիչները: Բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր մոտ 5 ժամ փակել էին մայրուղին դժգոհելով ցրվում են՝ խոստանալով կրկնել ակցիան, եթե հինգշաբթի իրենց գոհացնող պատասխան չլինի:
Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ փոխհատուցում գյուղացիներին չի տրվելու, լինելու է օգնություն:
«Սա շատ կարևոր սկզբունք է, որովհետև աշխարհի զարգացած երկրները նույնիսկ չեն կարող փոխհատուցել կրած վնասները», – ասել է վարչապետը:
15:45 Բողոքող գյուղացիները շարունակում են փակ պահել Երևան-Արմավիր մայրուղին: Այս պահին նրանք բաժանվել են մի քանի խմբի, և այդ տարբեր խմբերի հետ բանակցում են գյուղնախարար Սերգո Կարապետյանը, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Գագիկ Ավետիսյանը:
Նրանք հորդորում են մարդկանց դադարեցնել ակցիան և տուն գնալ՝ խոստանալով արդեն հինգշաբթի գյուղացիներին հետաքրքրող հարցերի պատասխանները տալ: Համաձայն գյուղնախարարի, նախատեսվում է ստեղծել հատուկ հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն նաև գյուցղացիներ ու քննարկումների արդյունքում և հարցը կլուծվի ի նպաստ տուժածների:
Գյուղացիների մի մասը հակված է հավատալ նախարարներին և բարձրաստիճան ոստիկանին ու ցրվել, մյուս մասը՝ նշում է, որ սա «հերթական փափուկ բարձն է» և հրաժարվում է ազատել մայրուղին:
Գյուղացիների բողոքին միացել են նաև մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ՝ Կարեն Հարությունյանը, Անի Կաղինյանը, Հրայր Սավզյանը, ինչպես նաև ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Այս պահին մայրուղին դեռևս փակ է, բանակցությունները շարունակվում են: Բողոքողների մի մասը շարունակում է պնդել, որ իրենց այցելի վարչապետը:
14:28 Մոտ 2 հազար գյուղացիներ այս պահին փակել են Մայիսյան սովխոզի խաչմերուկը՝ կաթվածահար անելով Արմավիր-Երևան մայրուղու երթևեկությունը: Ակցիայի մասնակիցներից շատերը պառկել են անմիջապես մայրուղու ասֆալտի վրա ու պնդում են, որ չեն հեռանալու, մինչև իրենց փոխհատուցում չտան: Գյուղացիները շարունակում են պահանջել, որ Տիգրան Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը գան և լուծեն իրենց խնդիրը:
«Ո՞ւր ա Սերժը, 60 տոկոս ապահովեցին իրան Արմավիրում, բա հիմա ո՞ւր ա: Գիտի, որ գյուղացիները իրան չեն ընտրել, սարքել են էդ ձայները, դրա համար մեզնից մուռ են հանում», – ասել է մայրուղու վրա պառկած գյուղացիներից մեկը:
14:15 Գյուղացիները որոշում են կայացրել շարժվել Մայիսյան սովխոզ կոչվող հատվածը: Նրանք նկատել են, որ մեքենաները մտնում են սովխոզ և, շրջանցելով բողոքողներին, դուրս են գալիս մայրուղի նրանց թիկունքում: Այժմ բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են կանգնել խաչմերուկի վրա, որպեսզի վերջնականապես փակեն դեպի Արմավիր տանող ճանապարհը:
14:00 Արմավիրի մարզի բողոքող գյուղացիները շարունակում են փակ պահել Արմավիր-Երևան մայրուղու մի հատվածը: Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը երկար բանակցություններից հետո համոզել է գյուղացիներից մի քանիսին մարզպետարան գնալ՝ քննարկելու խնդիրը, սակայն մեծ մասը չի պատրաստվում բանակցությունների նստել՝ նշելով, որ իրենց արդեն բազմաթիվ խոստումներ են տվել և չեն կատարել, այժմ միայն ֆինանսական փոխհատուցման դիմաց պատրաստ են դադարեցնել ակցիան:
Գյուղացիների մի մասը մայրուղիով առաջ են շարժվել դեպի Էջմիածին: Նրանք նշում են, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում պատրաստ են քայլել դեպի օդանավակայան ու հեռանալ երկրից:
13:00 Գյուղնախարար Սերգո Կարապետյանին չի հաջողվել համոզել գյուղացիներին բացել ճանապարհը: Նա առաջարկել է բողոքի ակցիայի մասնակիցների մի քանի ներկայացուցիչներին գնալ Արմավիրի մարզպետարան և քննարկել ստեղծված իրավիճակն ու գյուղացիների խնդիրները, սակայն վերջիններս չեն համաձայնում, շարունակում են պահանջել վարչապետի ներկայությունը: Նրանք նշում են, որ իրենց կորուստներին պետք է ֆինանսական գնահատական տրվի, և այլ տեսակի փոխհատուցում, օրինակ, սերմնացուի տեսքով, իրենց չի բավարարում:
Գյուղացիները մայրուղու վրա նաև բարիկադներ են կառուցել. կանգնեցրել են «Կամազ» բեռնատար ավտոմեքենա, մի քանիսը «Վնասի ֆինանսական, տնտեսական փոխհատուցում» գրությամբ պաստառով բարձրացել են բեռնատարի վրա: Բողոքող գյուղացիների թիվն ավելանում է: Epress.am-ի թղթակիցը հայտնում է, որ բողոքող գյուղացիների և մայրուղու վրա կանգնեցրած նրանց ավտոմեքենաների շարասյունը հասնում է մի քանի հարյուր մետրի:
12:20 Արամավիրի մարզ գյուղացիների հետ հանդիպման համար ժամանել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Գյուղացիները, սակայն, ասել են Կարապետյանին, որ վերջինս անցած անգամ իրենց հետ հանդիպել է, սակայն ոչ մի խոստում չի կատարել, ու իրենք չեն բացելու մայրուղին մինչև վարչապետը չհանդիպի իրենց:
Բողոքի ակցիայի մասնակիցները նաև խիստ դժգոհել են լրագրողների աշխատանքից: Մի քանի լրագրողների հետ զրույցում նրանք պահանջել են իրենց «ձեռ չառնել»՝ նշելով, որ նախորդ ակցիաները նկարահանել են հեռուստատեսությունների ներկայացուցիչները, սակայն իրենց պահանջները եթեր չեն հեռարձակել:
12:10 Կարկուտից տուժած համայնքների հարյուրավոր բնակիչներ երկուշաբթի առավոտից փակել են Երևան-Արմավիր ճանապարհի Մրգաշատ գյուղի հատվածը: Ինչպես այս պահին հայտնում է Epress.am-ի թղթակիցը դեպքի վայրից գյուղացիները պահանջում են, որպեսզի իրենց հետ հանդիպեն վարչապետը և գյուղատնտեսության նախարարը, այլապես իրենք չեն լքի ավտոմայրուղին:
Մայրուղու մոտ հավաքվել են Ալաշկերտ, Հայկավան, Արևիկ և մարզի այլ գյուղերի բնակիչները, որոնց պնդմամբ՝ մարզպետարանը երկու շաբաթ շարունակ խաբում է իրենց՝ ասելով, որ գյուղացիներին ապահովել են պարարտանյութերով, ինչի համար վերջիններս պետք է գոհ լինեն:
Ոստիկանության մոտ երկու տասնյակ աշխատակից փորձում են համոզել դադարեցնել ճանապարհի շրջափակումը՝ խոստանալով, որ իրենց կայցելի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Որոշ գյուղացիներ շարունակում են քարեր շարել ճանապարհին, մնացածը ուղղակի նստում են ասֆալտին:
Այս պահին լուրեր կան, որ բողոքին միանում են Արմավիրի մարզի գյուղերի ևս մի քանի հարյուր բնակիչներ, ովքեր արդեն ճամապարհ են ընկել:
Հիշեցնենք, որ նմանատիպ ակցիաներ գյուղացիները կազմակերպել են նաև մայիսի 12-ին և 13-ին: