Կարկտահարությունից տուժած գյուղացիները կառավարությունից փոխհատուցում չեն ստանա: Այս մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին:
«Առաջին օրվանից այդ հարցով զբաղվում ենք: Ստեղծել ենք աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են բոլոր համայնքներում: Եթե խոսքը գնում է փոխհատուցման մասին, չի լինելու փոխհատուցում, լինելու է օգնություն: Սա շատ կարևոր սկզբունք է, որովհետև աշխարհի զարգացած երկրները նույնիսկ չեն կարող փոխհատուցել կրած վնասները», – ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզում, ինչի հետևանքով 15 գյուղական համայնքների ներկայացուցիչներ կորցրել են իրենց բերքը: Աղետից հետո գյուղացիները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են անցկացրել, իսկ նրանց հետ հանդիպումներում փոխնախարարը և այլ պաշտոնյաներ խոստացել էին սերմանցու և խորհրդատվություն տրամադրել տուժածներին, ինչը, գյուղացիները չեն ընդունում:
Այսօր ֆինանսական փոխհատուցման պահանջով գյուղացիները բողոքի ակցիա են անցկացրել՝ փակելով Արմավիր-Երևան մայրուղին:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Գագիկ Ավետիսյանը երկար բանակցություններից հետո համոզել են գյուղացիներին ցրվել ու սպասել մինչև հինգշաբթի, երբ կտրվեն նրանց հետաքրքրող հարցերի պատասխանները: