Կարկուտից տուժած արմավիրցիները, ովքեր երեկ բողոքի ակցիայի ժամանակ 5 ժամ շարունակ փակել էին Արմավիր-Երևան մայրուղին, Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են, թե իրենց խնդրից ավելի կարևոր մի խնդրանք ունեն կառավարությանը՝ օգնել «Սպայկա» ընկերությանը: Նշենք, որ մրգերի արտահանմամբ և բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերության շենքը մայիսի 16-ին այրվել էր հրդեհի հետևանքով:
«Դու հարցդ տուր, ասա՝ ի՞նչ ես ուզում էս կառավարությունից: Պահանջ եք ուզում ձևակերպեք, խնդրանք եք ուզում ձևակերպեք, մեր ուզածն էն ա արդեն, էդ խեղճ «Սպայկին» օգնեն, մեղք են, էլի, էդ մարդիկ: Էդ ա մեր ուզածը, «Սպայկին» թող օգնեն, ժողովուրդը՝ հեչ», – հեգնանքով ասել է Շենավան գյուղի բնակիչներից մեկը:
Մեկ այլ բողոքավոր ասել է, թե ընկերությանը նոր տարածք են հատկացրել հենց հրդեհի ժամանակ:
«Կրակը չէին իմանում՝ վառել ա, արդեն տարածքը հատկացրին, արդեն սարքել-պրծել են: է, խեղճ գյուղացի, էլ ինչը գան տանեն, ո՞ւմ համար են սարքում, չենք իմանում», – ասել է շենավանցի մի տղամարդ:
Տեսնելով, որ լրագրողը նկարահանում է բողոքավորներին՝ կողքից նորանոր մարդիկ էին միանում ու իրենց վարկածները հնչեցնում «Սպայկայի» հրդեհի վերաբերյալ:
«Էկան-տեսան ծիրան չունենք, տարան «Սպայկեն» վառեցին: Մինչև հիմի «Սպայկեն» շենավանցիների հերվա ծիրանը տարել, փողը չի տալի: Ամբողջ գյուղին պարտք ա, մեկին՝ 50 հազար դրամ, մեկին 300 հազար: Շենավանի ամբողջ պարտքը կազմում ա 7 միլիոն դրամ», – պատմել են բողոքող գյուղացիները՝ հավելելով, որ խոսքը անցյալ տարվա ծիրանի պարտքի մասին է:
Նրանցից մեկն էլ կարծիք է հայտնել, թե փոխանակ այսօր վերականգնեին գյուղերի տուժած այգիների ծառերը, նորոգում են «Սպայկան»:
«Ծառ չկա, բերք չկա, սարքում են, որ ժողովրդին գան-տանեն-հանձնե՞ն», -հարցնում էին գյուղացիները: