«Կենացները քաղցրանում են», – գնահատելով Կառավարության ծրագիրը՝ այսօր ԱԺ-ում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ ինքը կցանկանար տեսնել պակաս էմոցիոնալ և առավել կոնկրետ ծրագիր՝ հստակ նպատակներով և դրանց տանող ճանապարհների մատնանշմամբ:
Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկ արած հայտարարությանը, թե անրհաժեշտ է, որպեսզի հասարակության մոտ մտածողության հեղափոխություն տեղի ունենա՝ պատգամավորն ասել է, որ մտածողության փոփոխությունը նախ պետք է կառավարությանը, ինչը տեղի չի ունենում՝ դատելով առաջարկված ծրագրից:
«Կոռուպցիան հասարակությունից չի ծնվում, այլ պետական համակարգից և փաթաթվում է հասարակության վզին: Նման մտածելակերպը շատ վտանգավոր է և նման է հասարակության վրա մեղքեր գցելուն»,- ասել է Արզումանյանը:
Պատգամավորն ասել է, որ ինքը դեմ է քվեարկելու ծրագրին, և ներկայացրել է մի շարք կետերից մի քանիսը, որոնք, ըստ պատգամավորի, սխալ են: Մասնավորապես, Արզումանյանն ասել է, որ տարօրինակ է, որ, բազում միջազգային կառույցների հետ համագործակցության խորացման մասին գրելով, ծրագրի հեղինակները բաց են թողել ՆԱՏՕ-ն:
«Ես չեմ ասում, որ ՆԱՏՕ-ի անդամ պետք է դառնանք, սակայն եթե նշվում է ֆրանկոֆոնիայի կազմակերության մասին, ապա արժեր և ՆԱՏՕ-ն նշել»,- ասել է Արզումանյանը:
Ըստ նրա՝ իզուր է կառավարությունը որոշել գումար տրամադրել սփյուռքի կառույցների ամրապնդման համար, առավել ևս, եթե դրսից ֆինանսավորվող կազմակերպություններին շարունակում են անվանել «գռանտակերներ»:
«Մնացել է նաև անցյալ զավեշտը, որ կառավարությունը պետք է երաշխավորի ճիշտ ախտորոշումը: Դա կառավարության ի՞նչ գործն է»,- ասել է Արզումանյանը:
Արզումանյանն ասել է նաև, որ անիմաստ է խոսել զբոսաշրջությունը զարգացնելուց, քանի որ դա անհնար է անել առանց ավիացիայի շուկան ազատականացնելու: