Ռուսաստանյան կողմի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանի վրա գնվող գազի գնի վերաբերյալ, ինչը կկազմի 270 դոլար, որը տարածաշրջանում կշարունակի մնալ ամենացածրը:
a1plus.am-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստերի դահլիճում երեկ գազի սակագնի քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն: Նշենք, որ ԱԺ-ի նիստը դռնփակ է եղել, սակայն հետագայում որոշում է կայացվել թույլ տալ նիստին մասնակցել ԱԺ-ի շենքի դիմաց այդ պահին անցկացվող բողոքի ակցիայի մասնակից 4 ակտիվիստներին և լրագրողներին:
Ըստ Մովսիսյանի՝ բանակցությունները դեռ շարունակվում են պետության կողմից արդեն իսկ հայտարարված 30 տոկոս փոխհատուցման մասով, որի արդյունքում գազի գինը 270 դոլարից կիջնի 189 դոլար:
Նախարարը վստահեցրել է, որ ՀՀ սոցիալապես անապահով խավերի համար լրացուցիչ փոխհատուցում կլինի և նրանց համար գազի գինը կմնա նույնը:
Նախարարը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե իբր Իրան-Հայաստան գազատարը փոքր տրամաչափ ունի այլընտրանքային դառնալու համար: Նա տեղեկացրել է, որ այդ գազատարը բավարարում է երկրի գազասպառման պահանջները, բայց ավելի նպատակահարմար է գազ գնել Ռուսաստանից, քանի որ Իրանի գազի վաճառքի գինն ավելի բարձր է՝ առնվազն 335 դոլար:
«Հայռուսգազարդ»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էր դիմել՝ առաջարկելով մինչև 10 հազ. խորանարդ մետր ծախսող բաժանորդների համար սահմանել 221 հազ. դրամ, այսինքն՝ 1 խ.մ. գազի գինը սահմանել 221 դրամ՝ նախկինում գործող 132 դրամի փոխարեն:
Ըստ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով պետության կողմից 30 տոկոս փոխհատուցման փաստը և սահմանի վրա 189 ԱՄՆ դոլար գինը, ինչպես նաև «Հայգռուսգազարդ»-ի ներկայացրած կապիտալ ներդրումների և այլ ծախսերի հետ կապված հաշվարկների իջեցումը հանձնաժողովի կողմից, որոշվել է մինչև 10 հազ. խ.մ. սպառողների համար 1 խ.մ. գազի վաճառքի սակագին սահմանել 156 դրամը:
Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել է, որ գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ: