Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Յան Քելիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:
«Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:
Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի շարունակական հայտարարությունների վրա, որոնք չեն նպաստում գործընթացի առաջխաղացմանը», – եզրափակում է պաշտոնական հաղորդագրությունը:
Նշենք, որ համանախագահներն այսօր հանդիպել են նաև Սերժ Սարգսյանի հետ: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: