Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում գլխի մասում հրազենային վնասվածք ստացած, ներկա պահին Մուրացանի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ժամկետային զինծառայող Հրաչյա Սարգսյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Դրական դինամիկա կա, գիտակցության դեռևս չի եկել, բայց նշաններ ցույց է տվել:
Կարող եմ ասել՝ վիճակը հուսադրող է», – ասել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ համաձայն պաշտոնական վարկածի, զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել էր, ինչի հետևանքով պահակախմբում ընդգրկված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից անմիջապես մահացել է, իսկ մյուս զինծառայողը` 19-ամյա Հրաչյա Սարգսյանը, գլխից վիրավորվել է:
Դավիթ Խաչատրյանը դեպքից անմիջապես հետո ձերբակալվել է:
Լյուքս Ստեփանյանի թաղմանը օրը ծնողները որոշել էին դագաղը Երևան բերել և բողոքի ակցիա անցկացնել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Սևանի մայրուղու վրա նրանց հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և բանակցություններից հետո ծնողների հետ գնացել է գյուղ ու մասնակցել հուղարկավարության արարողությանը: