ՀՀ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի համար իր պաշտոնանկությունն անսպասելի է եղել և նա այդ մասին իմացել է այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ նման սենսացիոն խոստովանություն է արել Միրզոյանը news.am կայքի լրագրողի հետ զրույցում:
«Իսկ լուրը սենսացիոն է, որովհետև, ըստ այդ հայտարարության, ստացվում է, որ Միրզոյանին ազատելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագիրը կեղծիքի հիման վրա ստորագրված, հետևաբար այն ապօրինի է:
Բանն այն է, որ Միրզոյանը, ըստ Սարգսյանի հրամանագրի, պաշտոնանկ է արվել «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա, այսինքն՝ սեփական դիմումի համաձայն: Բայց Միրզոյանը խոստովանում է, որ ինքը մինչև հրամանագիրը, փաստորեն, դիմում չի գրել և իր պաշտոնականությունն անակնկալ է եղել: Ավելին, այդ պայմանում, երբ ՀՔԾ պետը ազատման դիմում չի գրում, պաշտոնանկ անելու օրինական այլ տարբերակ չկա: Դրա համար հարցը լուծվել է «գեղական կարգով»: Մարտի 1-ի քրգործը ակտիվորեն «սարքած» Միրզոյանն իհարկե չի կարող աղմուկ բարձրացնել իր դեմ իրականացված անօրինականության առիթով», – գրում է թերթը: